Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզում էր Ֆրանսիայի հայկական հիմնադրամի խորհրդի նախագահ, ,,ՀիմնաՏավուշ,, զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Թերզյանը

21.05.2013

Տավուշի մարզի և Ֆրանսիայի Օ-Դը-Սեն նահանգի միջև բարեկամության ու համագործակցության հիմքերը գցվեցին այն ժամանակ, երբ 2010 թվականի մայիսի 22-ին մարզկենտրոն Իջևանում Օ-Դը-Սենի գլխավոր խորհրդի նախագահ Պատրիկ Դևեջյանը և Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը ստորագրեցին համատեղ նկատառումների հուշագիր: Իսկ ահա արդեն 2011 թվականի մարտին Ֆրանսիայում երկու կողմերը ստորագրեցին Օ-Դը-Սենի գլխավոր խորհրդի և Տավուշի մարզի միջև ապակենտրոնացված համագործակցության շրջանակային պայմանագիր՝ 3 տարի ժամկետով Տավուշի մարզին Օ-Դը-Սենի գլխավոր խորհրդի դեպարտամենտի աջակցության վերաբերյալ: Դրան հետևեցին գործնական աշխատանքները, որոնք գնալով ավելի մեծ ծավալ ստացան: Ծրագիրը գյուղատնտեսական է և ուղղված է մարդկանց կենսամակարդակի բարելավմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը: Անցած ժամանակահատվածում Օ-Դը-Սենի միջոցներով մարզում բավականին աշխատանքներ են կատարվել: Ծրագիրը մարզում համակարգում է Ֆրանսիայի հայկական հիմնադրամի ստեղծած <<ՀիմնաՏավուշ>> զարգացման հիմնադրամը, որի կողմից իրականացված աշխատանքներին ծանոթանալու նպատակով մայիսի 20-ին Տավուշի մարզ էին ժամանել Ֆրանսիայի հայկական հիմնադրամի խորհրդի նախագահ, ,,ՀիմնաՏավուշ,, զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Թերզյանը և Ֆրանսիայի հայկական հիմնադրամի տնօրեն Սուրեն Գևորգյանը: Հյուրերին Տավուշի մարզպետարանում ընդունեց մարզպետ Արմեն Ղուլարյանը: Հանդիպմանը ներկա էին հոգաբարձուների խորհրդի անդամներ, համայնքների ղեկավարներ, գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուներ: Ողջունելով հյուրին՝ մարզպետը շնորհակալություն հայտնեց այն համագործակցության ու գործնական աջակցության համար, որի արդյունքում ֆրանսիացի բարեկամների կողմից բազմաթիվ ծրագրեր են կյանքի կոչվել մարզում: Մարզպետը նշեց, որ, բացառությամբ Բերդի տարածաշրջանի Նավուր համայնքի, որտեղ արդեն մինի ֆերմա է ստեղծվել, հիմնադրամի բոլոր ծրագրերն իրականացվել են Իջևանի համայնքներում և առաջարկեց առաջիկա ծրագրերում ընդգրկել նաև մարզի մյուս տարածաշրջանները: Մարզպետը առաջարկներ արեց նաև մարզի համար առաջնային կարևորության մի շարք խնդիրների՝ մասնավորապես մարզում մսի արտադրության ու վերամշակման, կերային բազայի ստեղծման, նոր տեխնիկայով ագրոբազաների համալրման, ջերմոցային տնտեսությունների զարգացման և հակակարկտային կայանների ստեղծման վերաբերյալ: Ելնելով տարածաշրջանի ընձեռած հնարավորություններից, առաջարկվեց մարզում զարգացնել ագրոտուրիզմը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ պարոն Թերզյանը նշեց, որ չորս միջազգային ծրագիր են իրականացնում, որոնցից ամենամեծը Տավուշինն է, որն առանձնահատուկ ու կարևոր ծրագիր է, որովհետև այն տնտեսական է ու տանում է մարդկանց սոցիալական վիճակի բարելավման: Դրական գնահատելով կատարված աշխատանքները՝ պարոն Թերզյանը նշեց, որ արդյունքներն ակնհայտ են ջրամատակարարման, անասնապահության, հողագործության ոլորտներում: Նա նաև իր նկատառումներն արտահայտեց արված առաջարկների վերաբերյալ, հատկապես ողջունեց ագրոտուրիզմի զարգացման գաղափարը: ,,ՀիմնաՏավուշ,, զարգացման հիմնադրամի տնօրեն Հրաչ Թումանյանը ներկայացրեց ծրագրի շրջանակներում իրենց կողմից իրականացված աշխատանքները:
Մարզպետարանում տեղի ունեցած հանդիպումից հետո պարոն Թերզյանը մարզպետի ուղեկցությամբ այցելեց համայնքներ՝ տեղում ծանոթանալու իրականացված աշխատանքներին: Առաջին կանգառը Լուսաձորի անասնապահական համալիրն էր, որտեղ ծանոթացան կովերի խնամքի պայմաններին: Այստեղ արտադրվող կաթն արդեն տեղում մշակվում է, ստեղծված է սառնարանային տնտեսություն և ,, ԲիոՏավուշ,, անվանմամբ պանրի առաջին տեսակներն են պատրաստվում: Հյուրերը եղան նաև Ազատամուտի կաթի ընդունման կետում, այցելեցին Այգեհովիտի և Սարիգյուղի ագրոբազաներ, որտեղ ծանոթացան կատարված աշխատանքների ու ներկրված գյուղտեխնիկայի հետ: Այգեհովիտի գյուղտեխնիկան համալրվել է խաղողի այգիների շատ արդյունավետ նոր սրսկիչով, ընթացքի մեջ են արհեստանոցի ստեղծման աշխատանքները, նախատեսվում է նաև մեկ թրթուրավոր տրակտորի ձեռքբերում: Հյուրերը ծանոթացան նաև Այգեհովիտ-Վազաշեն ոռոգման համակարգում կատարված աշխատանքներին, այնուհետև ևս մի կանգառ ունեցան Կիրանցում, որտեղ կառուցված մինի ֆերման արդեն ունի Լուսաձորից բերված 12 հորթ:
Համայնքներում շրջայցն ավարտելուց հետո Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ ,,ՀիմնաՏավուշ,, զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի արտագնա նիստ, որտեղ ամփոփվեցին 2012թ. կատարած աշխատանքները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57