Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվեց ասմունքի հանրապետական մանկապատանեկան 6-րդ փառատոնի մարզային փուլը

20.05.2013

Մայիսի 18-ին Տավուշի մարզպետարանի դահլիճում անցկացվեց արդեն ավանդական դարձած ասմունքի հանրապետական մանկապատանեկան 6-րդ փառատոնի մարզային փուլը: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի բարձր հովանու ներքո անցկացվող փառատոնը այս անգամ նվիրված էր 20-րդ դարի հայ մեծանուն գրողներ Պարույր Սևակի ու Համո Սահյանի պոեզիային: Փառատոնի առաջին փուլին մասնակցել էր մարզի 82 դպրոցների շուրջ 600 աշակերտ, որոնցից մարզային փուլ էին անցել 46-ը՝ 26-ը 11-14 տարեկանների տարիքային խմբում, 20-ը՝ 15-17: Բացման խոսքով հանդես եկավ Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի ու սպորտի վարչության պետ Աշոտ Փաշինյանը: Այնուհետև փառատոնի ծրագրի հեղինակ և պատասխանատու քարտուղար Մարիետա Մակարյանը ներկայացրեց 14 հոգուց բաղկացած ժյուրիի կազմը, որը բավականին ներկայացուցչական էր: Ժյուրիի կազմում էին ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը, ՀՀ վաստակավոր արտիստներ Էվելինա Շահիրյանն ու Ջուլիետա Բաբայանը, արվեստի վաստակավոր գործիչ Սարգիս Նաջարյանը, ռեժիսոր Ժան Պիեռ Նշանյանը, գրականության ու մշակույթի ճանաչված գործիչներ: Ժյուրիի նախագահն էր ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ու երիտասարդության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը: Փառատոնի մասնակիցներին ողջունեց ու շնորհավորեց Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը:
Լեփ-լեցուն դահլիճը բուռն ծափողջույններով էր գնահատում ասմունքի փոքրիկ վարպետների յուրաքանչյուր ելույթ: Արդյունքում պրոֆեսիոնալ ու խստապահանջ ժյուրիի որոշմամբ մրցույթի 1-3-րդ տեղերի հաղթողներ դարձան ու փառատոնի եզրափակիչ փուլին ու գալա համերգին մասնակցելու իրավունքը նվաճեցին կրտսեր տարիքային խմբում Ալիկ Առաքելյանը /Իջևանի թիվ 5 դպրոց/, Արևիկ Խաչատրյանը /Իջևանի թիվ 4 դպրոց/, Յուրիկ Թամրազյանը /Թեղուտի դպրոց/: 15-17 տարեկանների միջև ծավալված մրցույթում հաղթեցին Սուսաննա Մարտիրոսյանը /Դիլիջանի Վախթանգ Անանյանի անվան դպրոց/, Մերի Գասպարյանը /Աչաջրի դպրոց/, Միքայել Սիմոնյանը /Իջևանի վարժարան/: Ասմունքում իրենց հնարավորությունները բացահայտելուց բացի երեխաները նաև վարպետության հիանալի դասեր առան Ջուլիետա Բաբայանից, Սարգիս Նաջարյանից, ԵՊՀ հայ գրականության ամբիոնի վարիչ, դոկտոր պրոֆեսոր Սամվել Մուրադյանից:
Բոլոր հաղթողները պարգևատրվեցին Տավուշի մարզպետի պատվոգրերով ու ժյուրիի անդամների ստորագրությամբ գրքերով: Մայիսի 26-ին նրանք կմասնակցեն փառատոնի եզրափակիչ փուլին ու գալա համերգին, որը կանցկացվի Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57