Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հյուրերի այցը տոնական տրամադրությամբ էր լցրել սահմանապահ գյուղի օրը

14.05.2013

,,Ազգ,, օրաթերթի լրագրող Հասմիկ Հարությունյանի՝ սահմանամերձ Տավուշի մարզի Չինարի գյուղի մասին պատմող հոդվածը անմիջապես լայն արձագանք գտավ ընթերցողների շրջանում: ,,Չինարի. պատերազմը չի ավարտվել, ես տեսնում եմ պատերազմը,, վերնագրով ակնարկում պատմվում էր պատերազմ տեսած, զոհեր տված, սակայն իրենց հող ու ջրին, իրենց արմատներին ամուր կառչած չինարեցիների կյանքի, նրանց անկոտրում կամքի ու հերոսական ոգու մասին: Տարբեր տեղերից մարդիկ իրենց աջակցությունն էին առաջարկում գյուղին, որպեսզի չինարեցին զգա, որ ինքը մենակ չէ սահմանին, որ իրեն աջակցել ցանկացող ու պատրաստակամ մարդիկ կան: Այստեղից էր, որ Հասմիկի մոտ մտահղացավ Չինարիին օգնություն կազմակերպելու գաղափարը: Թեկուզ այդ օգնությունը լիներ ոչ այնքան մեծ, սակայն չինարեցու համար կարևոր արժեք ունեցող: Տեղեկանալով այս մասին՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ոչ միայն ողջունեց նախաձեռնությունը, այլև իր անմիջական աջակցությունն առաջարկեց՝ տրամադրելով ուղևորության համար անհրաժեշտ մեքենաներն ու քաղցրավենիքների փաթեթներ: Որոշումը վերածվեց գործի, ու Հասմիկ Հարությունյանի գլխավորությամբ լրագրողներից ու կամավորներից կազմված խումբը ուղևորվեց Տավուշի մարզ: Ճանապարհին նախ մի փոքրիկ կանգառ ունեցան Տավուշի մարզպետարանում, որտեղ նրանց ընդունեց մարզպետ Արմեն Ղուլարյանը: Մարզպետը զրուցեց ակցիայի մասնակիցների հետ և իր շնորհակալությունը հայտնեց միջոցառման կազմակերպիչներին՝ սահմանին ապրող մարդու համար կարևորելով նրա ոչ այնքան նյութական, որքան բարոյական նշանակությունը: Այնուհետև խումբը ուղղություն վերցրեց դեպի Չինարի: Գյուղում տեղյակ էին հյուրերի գալստյան մասին ու արդեն սիրով սպասում էին նրանց: Համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանի հետ նախապես ճշտվել էր գյուղի մանկապարտեզի սաների և մինչև 15 տարեկան դպրոցականների թիվը, որոնց համար էլ նախատեսվել էին նվերների փաթեթները: 152 քաղցրավենիքի և նույնքան էլ գրենական պիտույքների փաթեթներ հանձնվեցին երեխաներին: Բացի փաթեթները, գյուղի դպրոցը նաև գեղարվեստական գրքեր ու շախմատի պարագաներ նվեր ստացավ, իսկ մանկապարտեզի փոքրիկները՝ հեքիաթի գրքեր ու խաղալիքներ: Անասելի էր երեխաների ուրախությունն ու խանդավառությունը: Քաղաքից եկած հյուրերի այցը տոնական տրամադրությամբ էր լցրել սահմանապահ գյուղի օրը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57