Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ուսանողուհու առաջին ցուցահանդեսը

14.05.2013

Մայիսի 13-ին Իջևանի պատկերասրահում տեղի ունեցավ Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Շուշան Բաղդասարյանի աշխատանքների անհատական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, համալսարանի տնօրինությունը, ուսանողներ ու դասախոսներ, արվեստասեր մարդիկ: Շուշանին առաջին ցուցահանդեսի առթիվ շնորհավորեցին ու ստեղծագործական կանաչ ճանապարհ մաղթեցին մարզպետ Արմեն Ղուլարյանը, համալսարանի տնօրեն Սամվել Առաքելյանը, դասախոսներն ու ընկերները, Աղավնավանք համայնքի ղեկավար Վարդուշ Ներսիսյանը: Շուշանը հուզմունքով իր շնորհակալությունը հայտնեց ցուցահանդեսի կազմակերպման բոլոր աջակիցներին՝ նշելով, որ առաջին ցուցահանդեսի բացման օրն իր կյանքի ամենաերջանիկ ու հիշարժան օրերից մեկը կմնա:
Ցուցահանդեսի այցելուները մեծ հետաքրքրությամբ դիտեցին ուսանողուհու ստեղծագործությունները. 40-ից ավելի գունանկար, 50 ճեպանկար ու 7 քանդակ. տարբեր ժանրերի ստեղծագործություններ, որոնցից յուրաքանչյուրի մեջ Շուշանը հոգի ու սեր է դրել՝ այդ ամենը դիտողին փոխանցելու բարի ակնկալիքով: Իր էությամբ լինելով լավատես՝ Շուշանի նկարներում գերիշխում են կենսունակ գույները, նկարներն անկեղծ են ու առինքնող: Աղջիկն ապրում է Տավուշի մարզի Աղավնավանք գյուղում: Ու շնորհակալ է ճակատագրին, որ մի օր իրենց փոքրիկ գյուղ բերեց ու իր ճանապարհին հանդիպեցրեց Լուսիկ Ագուլեցի անվանմամբ մարդուն ու արվեստագետին, հնարավորություն տվեց շփվելու նրա արվեստասեր ընտանիքի անդամների հետ:
-Ագուլեցին ողջ կյանքում ուսուցիչ կլինի ինձ համար, ես կասեի ոչ թե մասնագիտության, այլ ճակատագրի ընտրության հարցում ինձ համար բախտորոշ դեր ունեցավ Լուսիկ Ագուլեցին: Որովհետև այսօր արդեն պարզորոշ գիտակցում եմ, որ արվեստն է իմ աշխարհը, միայն թե դեռ փնտրտուքների մեջ եմ ու փորձում եմ գտնել իմ ճիշտ տեղը այդ աշխարհում: Որովհետև մեկ ինձ ձգում է գույների բազմազան աշխարհն, ու ձեռքս եմ առնում վրձինը, մեկ էլ ուզում եմ շոշափել կավը, կենդանություն ու շունչ տալ նրան,- մեր զրույցի ընթացքում խոստովանում է նուրբ ու փխրուն հոգու տեր աղջիկը:
Մի բան պարզ է. ինչ էլ որ ստեղծագործում է Շուշանը, ստեղծում է սիրով ու սրտի թելադրանքով: Ու ինչպես նրա դասախոսներից մեկն ասաց, հետաքրքիր ու խոսուն պատկերներ ստեղծելու համար Աստված Շուշանին օժտել է ստեղծագործող մարդուն անհրաժեշտ երկու կարևոր հատկանիշով. Շուշանն ունի սուր աչք և ամուր ձեռք:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:05:05