Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԽԱՇԹԱՌԱԿՆ ՈՒՆԵՑԱՎ ԻՐ ՀԱՎԱՏԻ ՏՈՒՆԸ
13.05.2013

Հաղթանակի ու խաղաղության օրը Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի համար նշանավորվեց ևս մի կարևոր իրադարձությամբ. մայիսի 9-ին համայնքի հավատավոր բնակչության առաջ իր դռները բացեց Սուրբ Դավիթ մարգարեի անունը կրող նորակառույց եկեղեցին, որի կառուցումը հովանավորել է գյուղի զավակ, այժմ ռուսաստանաբնակ Արտակ Քամալյանը: Տնտեսագիտության դոկտոր պրոֆեսորը եկեղեցին կառուցել է ի հիշատակ իր Դավիթ եղբոր:
Եկեղեցու բացումը համագյուղական տոնախմբության էր վերածվել, և աննկարագրելի էր գյուղացիների խանդավառությունը: Չէ որ այսուհետ համայնքը կունենա իր աղոթատեղին, իր հավատի տունը, որտեղ գյուղացիները կկարողանան մոմ վառել, իրենց աղոթքը հղել առ Աստված: Եկեղեցու բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, բազմաթիվ հյուրեր, ողջ գյուղը: Աստծու նորաբաց տան օծումն իրականացվեց Մայր Աթոռ սուրբ Էջմիածնից Տեր Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի ձեռամբ:
15 մետր բարձրություն ունեցող կենտրոնագմբեթ եկեղեցին գտնվում է գյուղի հյուսիսային կողմում գտնվող բարձրադիր Խաչի յալ կոչվող հատվածում: Կառույցի ճարտարապետն է Միսակ Մելքումյանը: