Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՅԻՍԻ 9-Ը՝ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՈՒ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՏՈՆ

13.05.2013

Մայիսի 9-ին լրացավ Հայրենական մեծ պատերազմում գերմանական ֆաշիզմի դեմ տարած փառապանծ հաղթանակի 68-րդ տարեդարձը: Պատերազմ, որին խորհրդային երկրի մյուս ժողովուրդների հետ հերոսաբար մասնակցեց նաև հայ ժողովուրդն ու իր անգնահատելի ներդրումն ունեցավ հաղթանակի նվաճման գործում: Իսկ ահա 20-րդ դարավերջին պատմական Շուշիի փառահեղ ազատագրմամբ մայիսյան հաղթանակներին ավելացավ ևս մեկը՝ էլ ավելի իմաստավորելով ու արժևորելով խաղաղության համաժողովրդական տոնահանդես դարձած Հաղթանակի օրը: Ամեն տարի մայիսյան տոները մեծ խանդավառությամբ ու ոգևորությամբ են նշում Տավուշի մարզում: Ինչպես միշտ, այս անգամ էլ մարզկենտրոն Իջևանում Մայիսի 9-ի միջոցառումների մեկնարկը տրվեց առավոտյան: Ավանդույթի համաձայն, մարզի ղեկավարությունը՝ մարզպետ Արմեն Ղուլարյանի գլխավորությամբ, հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներ, երիտասարդներ ու վետերաններ, զինվորականներ, մարզի բնակիչներ առաջինն այցելեցին Մեծ հայրենականում զոհված իջևանցիների հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթող՝ հարգանքի տուրք մատուցելու պատերազմում նահատակված իջևանցի քաջորդիների հիշատակին և ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրեցին հուշարձանին: Այնուհետև ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին հանուն հայրենիքի ազատության իրենց կյանքը զոհաբերած խիզախ հայորդիների հիշատակը:
Միջոցառումը շարունակվեց քաղաքի մշակույթի տանը, որտեղ տեղի ունեցավ հանդիսավոր նիստ: Տոնի առթիվ վետերաններին շնորհավորեցին և գնահտանքի ու երախտիքի խոսքեր ասացին Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը, գնդի հրամանատար Միհրան Մախսուդյանը, զինկոմ Արթուր Հովակիմյանը: Միջոցառման հանդիսավոր մասին հաջորդեց տոնական համերգը, որին մասնակցեցին Իջևանի երաժշտական դպրոցի ժողգործիքների համույթը, արվեստի դպրոցի պարուհիները, ասմունքողներ:
Ողջ օրվա ընթացքում մարդկանց տոնական տրամադրությանը նոր լիցք էին հաղորդում զինվորական փողային նվագախմբի խրոխտ կատարումները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:05:05