Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սահմանամերձ Դիտավանն ունի նոր դպրոց

22.04.2013

Տավուշի մարզի սահմանամերձ Դիտավան գյուղում <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի կողմից իրականացված ծրագրերին ավելացավ ևս մեկը. ապրիլի 22-ին տեղի ունեցավ գյուղի նորակառույց դպրոցի բացման հանդիսավոր արարողությունը: Դպրոցը կառուցվել է արգենտինահայ բարերարներ Արմեն և Նատիա Էքսերճիէանների միջոցներով, ովքեր հովանավորում են Դիտավանի զարգացման ծրագիրը: 60 աշակերտի համար նախատեսված` երկհարկանի, Ժամանակակից հարմարավետություններով ու կահավորված դպրոցում ստեղծված են բոլոր պայմանները ուսումնական գործընթացը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար: Նշենք, որ 2008-2010թ.թ. գյուղերի զարգացման ծրագրի շրջանակներում Դիտավանում Էքսերճիէանների հովանավորությամբ արդեն լուծվել են գազի, խմելու և ոռոգման ջրի խնդիրները: Գյուղում կառուցվել է համայնքային կենտրոն, որտեղ տեղակայված են համայնքապետարանը, բուժկետը, գրադարանը և հանդիսությունների սրահը: Իսկ 2011-ից արգենտինացի բարերարների ընտանիքը ձեռնամուխ եղավ գյուղի հիմնական դպրոցի կառուցմանը, որն արդեն նրանց հովանավորությամբ <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող 4-րդ ծրագիրն է: Փոքրիկ գյուղը մեծ ուրախություն ապրեց դպրոցի բացման առիթով: Բացման արարողությանը ներկա էր ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը: Հիանալի նվերի առթիվ դիտավանցիներին շնորհավորեցին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, Տավուշի թեմի առաջնորդ Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը, հյուրեր: Մեծ հուզմունքով իրենց սրտի խոսքն արդեն հարազատ դարձած դիտավանցիներին փոխանցեցին բարերարներ Արմեն և Նատիա Էքսերճիէանները, ովքեր միջոցառմանը մասնակցում էին իրենց զավակների ու թոռների հետ: Համայնքի անունից իր շնորհակալությունը հայտնեց համայնքի ղեկավար Հակոբ Սարիբեկյանը:

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57