Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՌԵԳԵՆ-ՏԱՎՈՒՇ ԲԱՐԵԿԱՄԱԿԱՆ ՈՒ ԳՈՐԾԱՐԱՐ ԿԱՊԵՐԸ ԶԱՐԳԱՆՈՒՄ ԵՆ

28.03.2013

2011 թվականի մայիսի 30-ին ՀՀ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բավարիայի երկրամասի Ռեգենի շրջանի ղեկավար Հայնց Վյոլֆլի ստորագրած Համագործակցության համաձայնագրով դրվեցին երկկողմ հարաբերությունները տարբեր ոլորտներում զարգացնելու և ընդլայնելու հիմքերը: Համաձայնագրում մասնավորապես նշվում էր տուրիզմի, տնտեսական, մշակութային ու կրթության ոլորտներում համագործակցության մասին: Համագործակցության շրջանակներում ստեղծվել է աշխատանքային խումբ, որում ընդգրկվել են և մարզի, և ՀՀ տարածքային կառավարման նախարարության և GIZ-ի /Միջազգային համագործակցության գերմանական կազմակերպության/ ներկայացուցիչներ: Եվ ահա, ըստ հաստատված ժամանակացույցի, համատեղ աշխատանքների հաջորդ փուլն իրագործելու նպատակով, հերթական այցով Տավուշի մարզ էին այցելել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բավարիայի երկրամասի Ռեգենի շրջանի ժողովրդական բարձրագույն դպրոցի տնօրեն Հերբերտ Ունաշը, Ռեգենի շրջանի տուրիզմի խորհրդատու մասնագետ Սյուզան Վագները, GIZ-ի և տարածքային կառավարման նախարարության ներկայացուցիչներ: Աշխատանքային խումբը ղեկավարում էր Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Եռօրյա աշխատանքների ընթացքում Դիլիջանի և Իջևանի տարածաշրջանների համայնքների ղեկավարների մասնակցությամբ քննարկվեցին այդ տարածաշրջանների ուժեղ և թուլլ կողմերը, վերլուծվեցին այն բոլոր առաջնահերթությունները, որոնք սահմանվել են ծրագրի իրականացման սկզբում: Որպես առաջնահերթություններ ընտրվել են զբոսաշրջության, բնապահպանության /աղբահանություն/ և մեծահասակների կրթության բնագավառները: Նախատեսվում է, որ այդ ծրագրերը պետք է կյանքի կոչվեն համայնքների միասնական ուժերով: Նախատեսվում է նաև մարտի 28-ին աշխատանքներն ամփոփել GIZ կազմակերպությունում և Իջևանի ու Դիլիջանի զարգացման ռազմավարությունը արդեն ներկայացնել համայնքների քննարկմանը: Որոշվել է 2013 թվականի հունիսին կազմակերպել եռօրյա հանդիպում, որտեղ կքննարկվի Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների զարգացման ռազմավարությունը: Այս աշխատանքների ավարտից հետո կլինի նշված բնագավառների զարգացման մարզային ամփոփ փաստաթուղթ, որից կսկսվի ծրագրի իրականացման գործընթացը: Աշխատանքային խմբին մարտի 27-ին Տավուշի մարզպետարանում ընդունեց մարզպետ Արմեն Ղուլարյանը: Ողջունելով հյուրերին` մարզպետը նշեց, որ երկկողմ բարեկամական ու գործարար կապերն ամրապնդելու ու ընդլայնելու ուղղությամբ բավականին աշխատանք է տարվել: Հաշվի առնելով մարզի առանձնահատկությունները, մարզպետը հանդես եկավ առաջարկություններով: Իր հերթին Հերբերթ Ունաշը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար, այնուհետև ներկայացրեց կատարված աշխատանքները: Նա նաև մարզպետին փոխանցեց Ռեգենի շրջանի ղեկավարի հրավերը` 2013 թվականի սեպտեմբերին Ռեգենում լինելու և այնտեղ համատեղ քննարկելու համագործակցության հետագա ընթացքը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18