Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՆ ԷՐ

04.03.2013

Կրթական ոլորտի բարեփոխումների գործընթացում այսօր առանձնակի տեղ է հատկացվում դպրոցականների ռազմահայրենասիրական դաստիարակությանը, մասնավորապես նախնական զինվորական պատրաստություն առարկայի դասավանդմանը դպրոցներում: Տավուշի մարզի դպրոցներում ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ կատարված աշխատանքները, եղած խնդիրները, դրանց լուծման և աշխատանքների բարելավման հետ կապված հարցերը քննարկվեցին մարտի 2-ին մարզպետարանում հրավիրված խորհրդակցությունում, որին մասնակցում էին դպրոցների տնօրեններ, զինղեկներ, ֆիզկուլտուրայի ուսուցիչներ: Խորհրդակցությունը բացեց Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը: Այնուհետև ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը, խոսելով դպրոցներում ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին, նշեց այն դրական առաջընթացը, որ առկա է ոլորտում շնորհիվ կրթության և գիտության նախարարության հետ ակտիվ համագործակցության: Գեներալը կարևորեց դպրոցականների մեջ վաղ տարիքից ռազմահայրենասիրություն սերմանելու հարցը, քանի որ այսօրվա դպրոցականն է վաղվա սահմանը պահող զինվորը, ռազմաուսումնական հաստատությունները համալրող պատանին: Անդրադառնալով Տավուշի մարզում իրականացված աշխատանքներին` գեներալ Սարգսյանն ասաց, որ Տավուշը որպես սահմանամերձ մարզ մշտապես իրենց ուշադրության կենտրոնում է և արվում է առավելագույնը դպրոցներում անհրաժեշտ նյութատեխնիկական և ուսումնական բազա ստեղծելու, դրանք պարբերաբար համալրելու ուղղությամբ: Նշվեց, որ 2012թ. դրությամբ մարզի դպրոցների 60 տոկոսն արդեն ապահովված է ուսումնական զենքով և որ արդեն նախնական զինվորական պատրաստության կահավորված երկու օրինակելի դասարաններ կան մարզի Դիլիջան և Բերդ քաղաքներում, ու դրանց թիվը կավելանա: Կարևորվեց դպրոցներում Փառքի սրահների ստեղծումը: Գեներալը խոստացավ մինչև մարտի վերջը մարզի դպրոցներն ապահովել համապատասխան վահանակներով: Դրվատանքի խոսքեր հնչեցին ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ Արծվաբերդի դպրոցում իրականացվող աշխատանքների մասին, որի սաները 2012թ. նախազորակոչային և զորակոչային ռազմամարզական խաղերի հանրապետական փուլում նվաճել են երկրորդ պատվավոր տեղը:
ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության լիցենզավորման և թուլտվության բաժնի պետ, գնդապետ Տիգրան Ամիրյանը ներկայացրեց ուսումնական զենքի ստացման ու պահպանման ընթացակարգը:
Մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ունեցած ակտիվ մասնակցության համար մարզի մի շարք դպրոցների տնօրենների ու զինղեկների հանձնվեցին գերատեսչական պատվոգրեր ու շնորհակալագրեր, իսկ Բերդի ավագ դպրոցի զինղեկ Արթուր Մելիքյանը և Աչաջրի միջնակարգ դպրոցի զինղեկ Սամվել Ղալթախչյանը պարգևատրվեցին <<Վազգեն Սարգսյան>> մեդալով:
Ամփոփելով խորհրդակցությունը` Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց ոլորտում տեղ գտած թերությունների ու բացթողումների վրա, դպրոցների տնօրեններին հանձնարարեց կրթօջախներում վերանորոգման ծրագրեր իրականացնելիս առաջնահերթ ուշադրության կենտրոնում պահել նախնական զինպատրաստության սենյակների վերանորոգման հարցը: Մարզպետը նաև շնորհավորեց բոլոր պարգևատրվածներին, համոզմունք հայտնելով, որ հաջորդ հանդիպմանը պարգևատրվողների թիվն ավելի մեծ կլինի, իսկ գրանցված հաջողությունները` էլ ավելի շատ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 09:22:27