Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶԽՈՐՀՐԴԻ ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ՆԻՍՏՈՒՄ

28.12.2012

Դեկտեմբերի 27-ին տեղի ունեցավ Տավուշի մարզխորհրդի տարեվերջյան նիստը: Մասնակցում էին մարզխորհրդի անդամները, հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարները, մարզի դատախազը: Օրակարգի առանցքային հարցը Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի հաշվետվությունն էր մարզում 2012թ. կատարած աշխատանքների ու սոցիալ-տնտեսական իրավիճակի մասին: Մարզպետը նշեց, որ 2012 թվականը աշխատանքային լարված տարի էր, այն առումով, որ անցկացվեցին երկու կարևոր համապետական միջոցառումներ` Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնք մարզում անցան պատշաճ մակարդակով: Այդ գործընթացում կարևորվեց տեղական ինքնակառավարման մարմինների և համայնքների ղեկավարների դերը: Այնուհետև մարզի ղեկավարը մանրամասն ներկայացրեց աշխատանքային տարվա բոլոր ցուցանիշները բոլոր ուղղություններով: Մասնավորապես նշվեց, որ որոշակի աճ է նկատվել սեփական եկամուտների հավաքագրման գործընթացում, դեռևս թերի է հողի հարկի հավաքագրումը: Մարզպետը հորդորեց համայնքների ղեկավարներին մինչև տարեվերջ եղած քիչ ժամանակն էլ օգտագործել մուտքերն ամբողջովին ավարտելու համար: Տարվա ընթացքում նկատելի հաջողություններ են արձանագրվել գյուղատնտեսության ոլորտում: Բերքահավաքի աշխատանքները ժամանակին կատարելու արդյունքում 2012թ. բոլոր մշակաբույսերի գծով արձանագրվել է համախառն բերքի աճ: Տարվա ընթացքում աճ է գրանցվել նաև անասնապահության ճյուղում:
Անդրադառնալով քաղաքաշինության ոլորտի ձեռքբերումներին` նշվեց, որ բոլոր ոլորտներում կապիտալ ներդրումների ծավալի մեծ աճ է եղել: Առանձնապես կարևորվեց հրատապ ծրագրերի իրականացման ընթացքը` շեշտը դնելով կատարված աշխատանքների որակի պահպանման ուղղությամբ կապալառու, պատվիրատու և շահագործող կազմակերպությունների համագործակցված աշխատանքների վրա: Աճը նկատելի է նաև ճանապարհաշինության ոլորտում: Համաշխարհային բանկի աջակցությամբ <<Կենսական նշանակության ճանապարհների բարելավման>> ծրագրով հիմնանորոգվել է Բերդ- Արծվաբերդ- Այգեձոր- Չինարի 32.5 կմ ընդհանուր երկարությամբ ավտոճանապարհը: Մարզպետը կարևորեց նաև 2012թ. ՀՀ պետական բյուջեով իրականացված Մ-4 Երևան-Սևան-Դիլիջան-Իջևան-Ադրբեջանի սահման 12.822 կմ երկարությամբ /թունելի մուտք-Դիլիջանի օղակաձև խաչմերուկ/ միջպետական նշանակության ավտոճանապարհի վերականգնման աշխատանքների իրականացումը:
Խոսվեց ջրամատակարարման որակի բարելավման մասին, նշվեց, որ գնալով ավելանում են ոռոգման ցանքատարածությունները: Ներկայացվեցին նաև կրթության, մշակույթի և սպորտի ոլորտի աշխատանքները, որտեղ նկատելի են հաջողությունները, բայց և դեռևս կան անելիքներ: Առողջապահության ոլորտի համար կարևորվեցին կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները:
Նախադպրոցական ուսումնական հաստատություններում պետական գնումների, ինչպես նաև պայմանագրային հիմունքներով սննդամթերքի մատակարարման գործընթացին էր վերաբերում մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի զեկույցը, որտեղ ներկայացվեցին այդ ուղղությամբ մարզի նախադպրոցական ուսումնական հաստատություններում մարզպետի կողմից ստեղծված հանձնաժողովի կատարած ուսումնասիրության արդյունքները: Մարզպետը հույս հայտնեց, որ պատասխանատուները համապատասխան հետևություն կանեն ուսումնասիրություններից և հետագայում զերծ կմնան հայտնաբերված խախտումներից:
Մարզպետարանի հողաշինության և հողօգտագործման բաժինը ներկայացրեց հողերի օգտագործման ու պահպանման նկատմամբ իրականացված տեսչական ստուգումների արդյունքները:
ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության զեկույցը վերաբերում էր 2013 թ. փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին, անդրադարձ եղավ ընտրությունների անցկացման այն ժամանակացույցին, որոնք վերաբերում են մարզպետարաններին և համայնքապետարաններին: Նիստին քննարկվեցին այլ հարցեր ևս: Ամփոփելով նիստի արդյունքները, մարզպետը տարվա կատարած աշխատանքները գնահատեց դրական, շնորհավորեց նիստի մասնակիցներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ` մաղթելով բոլորին նոր տարում առողջություն, բարեկեցություն և աշխատանքային նորանոր ձեռքբերումներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57