Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԻՑ` ՆԵՐԱՌԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ
21.11.2012

Նոյեմբերի 20-ին <<Հույսի կամուրջ>> հասարակական կազմակերպության Իջևանի մասնաճյուղի նախաձեռնությամբ Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ ծնողական կոնֆերանս <<Ներառական կրթությունից ներառական համայնք>> թեմայով, որին հրավիրվել էին մասնակցելու դպրոցների տնօրեններ, հատուկ մանկավարժներ, ծնողներ: Կոնֆերանսը բացեց և ողջույնի խոսք ասաց Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը: Կարևորելով ներառական կրթության դերը կրթական համակարգում` մարզպետը անդրադարձավ այն փորձին ու ձեռքբերումներին, որոնք ունեցել ենք մարզում գործընթացի իրականացման ճանապարհին: Կոնֆերանսի մասնակիցներին ողջունեց նաև Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը` նշելով, որ պարբերաբար հրավիրվող կոնֆերանսները ևս մի հնարավորություն են նոր խնդիրները վեր հանելու, նոր ծրագրեր մշակելու, որպեսզի սահմանափակ հնարավորություններ ունեցող երեխաների համար ստեղծվի անխտրական միջավայր, հավասար հնարավորություններ, նրանց համար հարմարավետ լինի և ապրելը, և սովորելը: Մի խումբ ծնողներ էլ ներկայացրին հաջողված պատմություններ իրենց երեխաների կյանքից: Իջևանի թիվ 3 դպրոցի ուսուցչուհի Մ. Անտոնյանը անդրադարձավ հաշմանդամություն ունեցող և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ներառմանը` այդ գործում անչափ կարևորելով ծնողների մասնակցությունը: Իսկ Իջևանի թիվ 5 և Աչաջրի դպրոցների հատուկ մանկավարժներ Է. Սարգսյանը և Ս. Խառատյանը խոսեցին հանրակրթական դպրոցներում ներառական կրթության կազմակերպման և նրա կարևորության մասին: Այնուհետև ծավալվեց քննարկում օրակարգի հարցերի շուրջ, եղան գործնական առաջարկներ: Կոնֆերանսի աշխատանքներն ամփոփեց <<Հույսի կամուրջ>> ՀԿ-ի Իջևանի մասնաճյուղի տնօրեն Արմինե Ներսիսյանը: