Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 5 ԴՊՐՈՑՈՒՄ
01.10.2012

Իջևանի թիվ 5 հիմնական դպրոցը այսուհետ կկրի Հայաստանի Հանրապետության վաստակավոր ուսուցիչ, Մեծ հայրենականի մասնակից, Իջևանի նախկին ռուսական միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ, ուսումնական մասի վարիչ, ապա տնօրեն Մկրտիչ Արշակի Մարտիրոսյանի անունը: Անվանակոչության առթիվ կազմակերպված հանդիսավոր արարողությանը ներկա էին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, տարբեր տարիների դպրոցում դասավանդած ուսուցիչներ, կրթօջախի հին ու նոր շրջանավարտներ, բազմաթիվ հյուրեր: Բացելով միջոցառումը՝ դպրոցի տնօրեն Ստեփան Կարապետյանը ներկայացրեց ուսումնական հաստատության պատմությունն ու անցած ուղին, հիշեց այն երախտավորներին, ովքեր իրենց ավանդն են բերել մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության դժվարին ու պատասխանատու գործին: Նրանցից հմուտ մանկավարժի, խստապահանջ տնօրենի ու օրինակելի քաղաքացու իր կերպարով այդ պատմության մեջ իր ուրույն ձեռագիրն է թողել Մկրտիչ Մարտիրոսյանը, ում այսօր մեծ երախտագիտությամբ ու սիրով են հիշում նրա սաները, հարազատներն ու մտերիմները: Տոնականորեն զարդարված դպրոցի բակում բացվեց մեծ մանկավարժի կիսանդրին, որի հեղինակն է մեր հայրենակից, ճանաչված քանդակագործ Արմեն Դավթյանը: Արձանից սավանի իջեցման պատիվը տրվել էր Մկրտիչ Մարտիրոսյանի թոռանը՝ Միքայել Մարտիրսյանին և դպրցի աշակերտական խորհրդի նախագահ Սուրեն Գիշյանին: Օրվա առթիվ ներկաներին շնորհավորեց Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, ով նույնպես աշակերտել է այդ դպրոցում: Բարի, արարող, լույսի սերմնացան. այսպես բնութագրեց նա սիրված մանկավարժին: Շնորհավորանքի ջերմ ու սրտառուչ խոսքեր հնչեցրին Տավուշի թեմի հոգևոր առաջնորդ Տեր Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը, պատերազմի վետերան Միքայել Հարությունյանը, վետերան մանկավարժ Էմմա Բադալյանը: Միջոցառումը եզրափակվեց դպրոցի աշակերտների տված տոնական համերգով: