Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարն աշխատանքային այցով Տավուշի մարզում էր

16.08.2012

Օգոստոսի 15-ին աշխատանքային այցով Տավուշի մարզում էր ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը: Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի հետ միասին նրանք առաջինն այցելեցին մարզի Մ—4 միջպետական ավտոճանապարհի Դիլիջանի թունելից սկսվող եւ մինչև քաղաքի կենտրոն ձգվող ճանապարհահատվածը, որտեղ այս պահին էլ ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ: Ծանոթացան կատարվող աշխատանքներին, զրուցեցին շինարարների հետ և տվեցին համապատասխան հանձնարարականներ։ Վերջին անգամ 2003թ. «Լինսի» հիմնադրամի միջոցներով վերանորոգված ճանապարհի մակերեսը ինտենսիվ երթեևեկության, բարդ լեռնային ռելիեֆի պայմաններում մաշվել էր՝ առաջացնելով անթույլատրելի չափերի նստվածքներ, փոսեր, եւ անհրաժեշտություն էր առաջացել հիմնանորոգում կատարելու։ 2012թ. բնակչության հետ հանդիպմանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոստացել էր լուծել հիմնախնդիրը։ Նախագահը ՀՀ տրանսպորտի ու կապի նախարարությանը հանձնարարել էր ուսումնասիրել հարցը և ներկայացնել առաջարկություններ։
ՀՀ տրանսպորտի ու կապի նախարարի նախաձեռնությամբ նախարարության կողմից կնքված պայմանագրի համաձայն օգոստոսի 2—ից սկսվեց 12,8 կմ երկարությամբ այս հատվածի հիմնանորոգումը։
Շինարարական աշխատանքներն իրականացնում են «Խաչհար» և Իջեւանի ճանապարհների շինարարության շահագործման ձեռնարկությունները: Լայն թափով իրականացվող աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն հոկտեմբեր—դեկտեմբեր ամիսներին։ Ճանապարհի շինարարական աշխատանքների կատարման համար հատկացվել է 1 միլիարդ 170 մլն դրամ։
Գոհունակություն հայտնելով արդեն կատարված աշխատանքի կապակցությամբ՝ Գագիկ Բեգլարյանը կարեւորեց վերանորոգվող ճանապարհի բարձր որակի ապահովումը։ Լրագրողների հետ ճեպազրույցում նախարարը նշեց, որ ոչ պակաս կարեւոր է նաեւ ճանապարհի պահպանումը։ «Շինարարական աշխատանքների հիմքում գլխավորն այն է, որ նորոգումից հետո նվազագույնը յոթ տարի ճանապարհները որևէ խնդիր չունենան։ Այդ դեպքում մենք բավականին գումար կարող ենք տնտեսել հանրապետությունում այլ ճանապարհներ վերանորոգելու համար»,–ասաց նախարարը։
Չնայած նախատեսվում է աշխատանքներն ամբողջությամբ ավարտել հոկտեմբեր— նոյեմբեր ամիսներին, այդուհանդերձ՝ ճանապարհը կառուցող Իջեւանի ճանշինի գործադիր տնօրեն Բորիս Սարգսյանը հավաստիացրեց, որ աշխատանքները կավարտվեն նախանշված ժամկետից երկու ամիս շուտ՝ սեպտեմբերին։ «Նախկինում ճանապարհի անցանելիությունն ու որակը շատ վատ վիճակում էին, քանի որ ջրահեռացման համակարգը լավ չի գործում, բացի դրանից, այս հատվածը սողանքային գոտի է։ Բոլոր խնդիրները վերացնելու համար կտրվեն անհրաժեշտ լուծումներ, կկարգավորվի ջրահեռացման համակարգը»,– ասաց նա։
Նախորդ տարվա հոկտեմբերի 2—ին Տավուշի մարզում տեղի ունեցավ ողբերգություն. Վանաձոր—Ալավերդի—Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի 82 կմ—ում տեղի ունեցավ խոշոր սողանք, որի հետևանքով հողային զանգվածը սահեց ճանապարհի պաստառի վրա՝ մայրուղին դարձնելով երթևեկության համար անանցանելի Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Լճկաձոր եւ Այրում բնակավայրերի հատվածում։ Սողանքի հետևանքով զոհվեց 5 մարդ։
Տրասնպորտի և կապի նախարարն աշխատանքային այցի ընթացքում եղավ նաեւ Վանաձոր—Ալավերդի—Վրաստանի սահմանի ավտոճանապարհի 82 կմ—ում սողանքի հետեւանքով փլուզված և արդեն լիովին վերականգնված հատվածում։
Նախարարությունը 2011թ. պետբյուջեի միջոցների տնտեսման հաշվին կատարել էր փլուզված հատվածի երկրաբանական հետազոտություններ և մշակել վերականգնման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերը։ 2012 թ. առաջին եռամսյակում անցկացվեց շինարարական աշխատանքների գնման մրցույթ, որի հաղթող ճանաչվեց «Ճանապարհ» ՍՊԸ—ն՝ 550 մլն դրամ պայմանագրային արժեքով։ ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ տրանսպորտի ու կապի նախարարության 2012թ. պետբյուջեի միջոցների տնտեսված գումարների հաշվին համապատասխան ֆինանսավորում հատկացվեց վերը նշված աշխատանքների իրականացման համար։ Արդյունքում վերականգնվեց նախկին մայրուղին՝ շուրջ 400 մ երկարությամբ։ Կատարվեց ճանապարհի պաստառի մաքրում հողե զանգվածից, որի ծավալը կազմում է 245 հազար խմ, ճանապարհային պատվածքի կառուցում, որի մակերեսը կազմում է 2920 քմ։ Տեղադրվել են նաեւ երթևեկության անվտանգության ապահովման անհրաժեշտ մետաղական արգելափակոցներ եւ նշաններ։
Բոլոր աշխատանքներն ավարտվել են հուլիսի 26—ին։ Տվյալ հատվածում երթևեկությունն ամբողջովին վերականգնված է, իսկ փլուզման վայրում կառուցվել է սողանքի զոհերի հիշատակին նվիրված հուշաղբյուր։
Գագիկ Բեգլարյանը լրագրողների հետ ճեպազրույցում առանձնացրեց հատկապես այդ ընթացքում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների, փրկարարների, գյուղապետերի եւ մարզպետարանի աշխատանքը. «Բոլորը միահամուռ կերպով կարողացան այս խնդիրը հաղթահարել, եւ այսօր ունենք այս ճանապարհը։ Մեկ մարդու նման աշխատել են բոլորը։ Շնորհակալ ենք նաեւ երկրի ղեկավարին, ում անմիջական հսկողության տակ հնարավոր եղավ արագ և որակով իրականացնել այս աշխատանքները»։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 10:46:29