Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սահմանամերձ և գյուղական վայրերում աշխատող բուժաշխատողներին՝ առանձնահատուկ մոտեցում

06.08.2012

«Մարզային իմ այցի ընթացքում բազմաթիվ հարցեր են բարձրացվում, որոնք լուծելի են։ Իմ գլխավոր խնդիրներից մեկը համարում եմ մարզերի համաչափ զարգացմանը հնարավորինս նպաստելը։ Պետք է առանձնահատուկ մոտեցում ցուցաբերենք սահմանամերձ և գյուղական վայրերում աշխատող բուժաշխատողների նկատմամբ։ Առաջին քայլերից մեկն արված է։ Օգոստոսի 1-ից իմ հրամանով մեկ ծննդի հաշվով ծննդօգնության գները մարզերում և Երևանում նույնականացվել են։ Միայն դրա արդյունքում լրացուցիչ մոտ 300 մլն դրամ կուղղվի մարզերի ծննդատներ։ Մենք կշարունակենք խրախուսել մարզերի բժիշկների աշխատանքը։ Մինչ կադրերով ապահովելը մարզային հիվանդանոցներին նեղ մասնագետներով կօգնեն մայրաքաղաքի բազմապրոֆիլ հիվանդանոցները»,-Տավուշ կատարած այցի ընթացքում լրագրողներին ասել է ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը։
Օգոստոսի 3-ին նա երկրորդ աշխատանքային այցն է կատարել Տավուշի մարզ՝ լինելով Նոյեմբերյանի, Իջևանի, Դիլիջանի և Հաղարծինի բուժհաստատություններում։ Մինչ այդ մարզպետարանում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ՀՀ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի և ոլորտի պատասխանատուների հետ քննարկվել է մարզի բժշկական հաստատությունների ընթացիկ տարվա անցած ամիսների արդյունքները, անդրադարձ է կատարվել առկա խնդիրներին և դրանց լուծման հնարավորություններին:

Մասնագետները նաև բարձրացրել են նեղ մասնագետների վարձատրման, աշխատավարձի գոյացման մեխանիզմի վերանայման հարցերը։ Նախարարը ՀՀ ԱՆ աշխատակազմի պետական առողջապահական գործակալության ղեկավարին հանձնարարել է մարզային կառույցի մասնագետի հետ զեկուցել իրավիճակի մասին և խնդրի լուծման առաջարկներ ներկայացնել։ Դերենիկ Դումանյանը խոստացել է անդրադառնալ նաև շաքարային դիաբեդով հիվանդների ինսուլինակախյալ լինելը փաստելու և հաշվառման վերցնելու համար հիվանդին պարտադիր մասնագիտացված բաժանմունքում վճարովի հիմունքներով հետազոտման ուղեգրելու խնդրին։
Նախարարին խիստ մտահոգել է Իջևանի բժշկական կենտրոնի թերծանրաբեռնվածությունը։ Հիվանդանոցը 2010-ին վերակառուցվել, ժամանակակից չափորոշիչներով հագեցվել է ՀԲ-ի վարկային ծրագրով։ Սակայն ոչ վերջին սերնդի բուժսարքավորումները, ոչ արտակարգ պայմաններն իրենց նպատակին չեն ծառայում։ Ավելին՝ Իջևանում հաշվառված հղիներից 50-ն այս տարի նախընտրել են ծննդաբերել Դիլիջանի ոչ այնքան բարվոք վիճակում գտնվող բժշկական կենտրոնում։
Իջևանի առողջության առաջնային պահպանման կենտրոնում օրական 150-155 այցելու են ունենում, տնային կանչերի են գնում։ Այստեղ նախարարը գինեկոլոգների հետ քննարկել է ծննդօգնության պետական հավաստագրերի կիրառման, ծննդօգնության կազմակերպման հարցերը։
Հաղարծինի ամբուլատորիայի աշխատակիցներին Դերենիկ Դումանյանը շնորհավորել է շենքի վերանորոգման առիթով։ ՀՀ վարչապետը տարվա սկզբին տեղում տեսնելով ամբուլատորիայի անբարեկարգ վիճակը, խոստացել էր աջակցել։ ՀՀ ԱՆ ԾԻԳ-ն ընդամենը մի քանի ամսվա ընթացքում ամբողջովին վերանորոգել է շենքի երկրորդ հարկը, նորացրել դռներն ու լուսամուտները։ Նախարարը Առողջապահության կազմակերպիչների միավորում ՀԿ-ի կողմից ամբուլատորիային էլեկտրասրտագրության սարք է նվիրել։
Դերենիկ Դումանյանը գյուղապետին առաջարկել է այցելուների անվտանգության ապահովման նպատակով մայրուղու հարևանությամբ գտնվող կենտրոնի համար համապատասխան մուտք կառուցել։
Այնուհետև նախարարն այցելել է Դիլիջանի բժշկական կենտրոն։ Տարեսկզբից այստեղ 206 ծնունդ է արձանագրվել՝ 2011թ.-ի 318-ի համեմատությամբ։ Ընդամենը 12 ծնունդ է դուրս գնացել, որի կեսը՝ ցուցումով և ուղեգրումով։ Փոխարենն այստեղ ծննդաբերելու են եկել մարզի հարևան տարածաշրջաններից։
Դերենիկ Դումանյանը նշել է, որ քաղաքի առաջիկա սպասվելիք զարգացումը, Դիլիջանի՝ որպես առողջարանային քաղաք, կարգավիճակի հնարավոր փոփոխությունը նոր պահանջներ կթելադրեն։
Հուլիսի սկզբին նախարար Դերենիկ Դումանյանը Տավուշ կատարած նախորդ այցի ընթացքում տեղում քննարկել է Բերդի բժշկական կենտրոնի արդիականացման ծրագիրը, ծանոթացել է սահմանամերձ Չինարի, Այգեձոր և Արծվաբերդ գյուղական համայնքների բնակչության բժշկական սպասարկման խնդիրներին:

ՀՀ առողջապահության նախարարության
պաշտոնական կայք www.moh.am
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57