Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկվեցին բնապահպանական խնդիրներ
25.07.2012
Հուլիսի 24-ին Տավուշի մարզում էր ՀՀ բնապահպանության նախարարության աշխատանքային խումբը նախարար Արամ Հարությունյանի գլխավորությամբ: Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի հետ միասին նրանք նախ եղան <<Դիլիջան>> ազգային պարկում, որտեղ կիսամյակային հաշվետվություն ներկայացրեց ազգային պարկի տնօրեն Աշոտ Դավթյանը:
Այցի շրջանակներում խորհրդակցություն էր հրավիրվել նաև Տավուշի մարզպետարանում, որին մասնակցում էին մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ, մարզի անտառտնտեսությունների տնօրեններ, ոլորտը ներկայացնող մասնագետներ, համայնքապետեր, կրթական հաստատությունների ղեկավարներ: Հաշվետվությամբ հանդես եկավ մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Ռազմիկ Մելիքջանյանը:
Նախարարն իր խոսքում նշեց, որ այսուհետ կարևորելու են կիսամյակային հաշվետվությունները և դրանց քննարկումները` նպատակ ունենալով առավելագույնս բացահայտել բնապահպանական խնդիրները, գտնել դրանց լուծումները և մարզում վարել միասնական էկոլոգիական քաղաքականություն: Ելնելով հաշվետվության մեջ հնչած խնդիրներից ու առաջարկներից, նախարար Արամ Հարությունյանը հանձնարարականներ տվեց բնապահպանական պետական տեսչությանը, նախարարության մյուս ստորաբաժանումների ղեկավարներին: Դրանք վերաբերում էին գերշահագործված անտառային էկոհամակարգերի վերականգնմանն ու անտառային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը, էներգիայի այլընտրանքային աղբյուրների օգտագործման խթանմանը, մարզի քաղաքներում և խոշոր համայնքներում ժամանակակից աղբավայրերի հիմնման և աղբավերամշակման խնդիրներին:
Մարզպետ Արմեն Ղուլարյանն իր խոսքում անդրադարձ կատարեց մարզում ջրային ռեսուրսների օգտագործման, պահպանման և արդյունավետ կառավարման հիմնախնդիրներին: Նա շեշտեց, որ սրանից ինչ-որ չափով բխում են նաև սողանքային երևույթները, որոնցով համակված են մարզի մի շարք համայնքներ: Եվ մարզպետն առաջարկեց հնարավորության սահմանում անդրադառնալ նաև սողանքային երևույթների կանխարգելման խնդիրներին:
Խորհրդակցությունում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանի կողմից առաջարկ հնչեց, որպեսզի Իջևանի դենդրոպարկը մասնաճյուղի բնապահպանություն և բնօգտագործում մասնագիտության համար դառնա գիտական բազա: Այն դրական արձագանք ունեցավ և նախարար Արամ Հարությունյանը նշեց, որ դրան ավելի գործնական անդրադարձ կկատարեն սեպտեմբերի այցելության ժամանակ:
Այցելության ավարտին նախարար Արամ Հարությունյանն ամփոփիչ խորհրդակցություն անցկացրեց <<Զիկատար>> բնապահպանական կենտրոնում: