Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզխորհրդի նիստում

17.07.2012

Տավուշի մարզխորհրդի հուլիսի 13-ի նիստում հերթական անգամ քննարկման դրվեց մարզի համայնքների 2012 թ. տեղական բյուջեների սեփական եկամուտների կատարման մասին հարցը, այս անգամ` կիսամյակի կտրվածքով: Նիստին մասնակցում էր ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը: Նիստը վարում էր Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը:
Մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ռոբերտ Ներսիսյանը ներկայացրեց համայնքների բյուջեների կատարողականների տվյալները: Մարզում 6 ամսվա կտրվածքով սեփական եկամուտների հավաքագրումը կազմել է 203,7 մլն դրամ կամ կատարվել է նախատեսվածի 74,7 տոկոսը: Սեփական եկամուտների թերհավաքագրված գումարը 69,0 մլն դրամ է, որտեղ մեծ մասնաբաժին ունի հողի հարկը` 47,7 մլն դրամ: Մարզի համայնքների առաջին կիսամյակի սեփական եկամուտները 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավել է հավաքագրվել 4,6 մլն դրամով, սակայն հողի հարկի մասով պակաս է հավաքագրվել 18,1 մլն: Հատկապես ցածր կատարողականներ ունեն Խաշթառակ, Կոթի, Զորական, Չորաթան,Վարագավան, Արծվաբերդ, Պառավաքար, Նորաշեն համայնքները:
Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը նշեց, որ բոլոր համայնքների ղեկավարները շատ լավ տեղեկացված են, որ տեղական բյուջեների լրացման հարցը գտնվում է հանրապետության ղեկավարության խիստ ուշադրության կենտրոնում, տարվա ընթացքում բազմիցս հարցը քննարկվել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ, տեղերում` նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի մասնակցությամբ: Բայց ինչպես ցույց են տալիս տվյալները, որոշ համայնքների ղեկավարներ անտարբեր են հարցի նկատմամբ:
Շատ քիչ ժամանակ է մնում համայնքներին սեփական եկամուտների կատարման համար, հատկապես, որ առաջիկայում ՏԻՄ ընտրություններ են: Այնպես որ, պետք է բոլոր ջանքերը ներդնել:
Տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց, որ պետությունն իր պարտավորությունները համայնքների բյուջեների մասով ամբողջովին կատարում է, իսկ շատ համայնքներ թերանում են: Անընդունելի է, որ հատկապես այն համայնքներում, որտեղ պետության, միջազգային կազմակերպությունների կողմից բավականին թվով ծրագրեր են կատարվում, համայնքի ղեկավարը չի կարողանում հավաքագրել սեփական եկամուտները: Պարոն Տերտերյանը տեղեկացրեց, որ բոլոր կազմակերպություններն այլևս սկզբունք են ընտրել և որևէ համայնքում ծրագիր չեն իրականացնի, եթե նրա սեփական եկամուտների կատարումը 80 տոկոսի շեմը չի անցնում: Նախարարի տեղակալը առաջարկեց առաջիկա ժամանակն առավելագույնս արդյունավետ օգտագործել և ապահովել հավաքագրումը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18