Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզում փոխվարչապետը ծանոթացավ իրականացվող ծրագրերի ընթացքին

27.06.2012

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր աշխատանքային այցով Տավուշի մարզում էր` ծանոթանալու համարմարզում իրականացվող ծրագրերի ընթացքին:Մարզի համայնքներում տարբեր ծրագրեր են իրականացվում ինչպես առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով, այնպես էլ «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի, Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի (ՀՍՆՀ) կողմից, Համաշխարհային բանկի եւ պետբյուջեի միջոցներով կատարվում են ճանապարհների վերանորոգման աշխատանքներ:

Մարզպետ Ա. Ղուլարյանի ուղեկցությամբ փոխվարչապետն այցելեց Բերդի, Նոյեմբերյանի տարածաշրջաններ: Առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի երկրորդ փուլով մարզին հատկացված 632 մլն դրամով Բերդի տարածաշրջանում իրականացվել են շուրջ 115 մլն դրամի, Նոյեմբերյանի տարածաշրջանում` 136 մլն դրամի աշխատանքներ: Հիմնականում վերանորոգվել են դպրոցներ, մանկապարտեզներ, համայնքային կենտրոններ, միջհամայնքային ճանապարհներ: Փոխվարչապետին զեկուցվեց, որ երկրորդ փուլով նախատեսված աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են:

Ծրագրի երրորդ փուլով Բերդի տարածաշրջանում կիրականացվեն 159 մլն դրամի, Նոյեմբերյանի տարածաշրջանում` 118 մլն դրամի աշխատանքներ:
Փոխվարչապետը Բերդում շրջայց կատարեց 2-րդ մանկապարտեզի շենքում, որի վերանորոգման համար երրորդ փուլով տրամադրվել է 41 մլն դրամ, եւս 130 մլն դրամ էլ կհատկացնի ՀՍՆՀ-ն` աշխատանքներն ավարտելու համար: Ա. Գեւորգյանը եղավ նաեւ Մայր Աթոռի, համայնքի եւ բարերարների միջոցներով Բերդում կառուցվող եկեղեցու շինհրապարակում: Փոխվարչապետին ներկայացվեց շինարարական աշխատանքների ընթացքը, որոնք նախատեսվում է ավարտել 2014թ. առաջին կիսամյակում:

Ա. Գեւորգյանը Նորաշեն եւ Այգեհովիտ համայնքներում ծանոթացավ նաեւ դպրոցների շենքային պայմաններին, որոնց նորոգումը նախատեսվում է ծրագրի երրորդ փուլով: Զեկուցվեց, որ երրորդ փուլով շինաշխատանքները կմեկնարկեն առաջիկայում:

Փոխվարչապետը կանգ առավ Կիրանց համայնքում, շրջայց կատարեց համայնքային կենտրոնում, որի կառուցումն իրականացվել է մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի առաջին փուլով: Նա դժգոհություն հայտնեց կատարված աշխատանքների որակից եւ մարզպետի ուշադրությունը հրավիրեց թերությունների վրա` հանձնարարելով դրանք վերացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել:

Այցի շրջանակում փոխվարչապետը ծանոթացավ Համաշխարհային բանկի «Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի» շրջանակում իրականացվող Չինարի-Այգեձոր-Արծվաբերդ-Վերին Կարմիր աղբյուր-Բերդ-Նավուր-Իծաքար ավտոճանապարհի վերանորոգման ընթացքին: Փոխվարչապետին զեկուցվեց, որ աշխատանքները կատարվում են համաձայն ժամանակացույցի, ավարտը նախատեսվում է աշնանը: Կվերանորոգվի ընդհանուր 43 կմ երկարությամբ ճանապարհ, որը նշված գյուղերը կկապի տարածաշրջանային կենտրոնի` Բերդի հետ:

Ա. Գեւորգյանը ծանոթացավ նաեւ Մ6 (Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման) միջպետական ճանապարհի 82 կմ-ում, Այրումի մոտ, փլուզված հատվածի վերականգնման աշխատանքներին: Սողանքի հետեւանքով փլուզված ճանապարհի վերանորոգման համար պետբյուջեից հատկացվել էր 550 մլն դրամ: Փոխվարչապետին զեկուցվեց, որ աշխատանքները կավարտվեն պայմանագրով նախատեսված ժամկետներում` հուլիսի կեսերին: Զեկուցվեց նաեւ, որ վերականգնվել է եւ արդեն մեկ շաբաթ է, ինչ գործում է ինքնահոս համակարգը, որը եւս վնասվել էր սողանքի հետեւանքով:

Բերդում եւ Այրումում փոխվարչապետը խորհրդակցություններ անցկացրեց տարածաշրջանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ, որի ընթացքում անդրադարձ եղավ իրականացվող ծրագրերին, քննարկվեցին ընթացիկ խնդիրներ:

Համայնքապետերը, մասնավորապես, բարձրացրեցին բերքի իրացման խնդիրը, անհանգստություն հայտնեցին մթերվող կաթի ցածր գնի առնչությամբ: Այրումում համայնքապետերը ոռոգման ցանցի ընդլայնման առաջարկություն ներկայացրեցին, ինչը թույլ կտա ավելացնել ոռոգելի տարածքները: Մտահոգություն հնչեց նաեւ Այրումի հէկ-ի աշխատանքի պատճառով ոռոգման ջրի ծավալների նվազման առնչությամբ: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ բարձրացված խնդիրները կքննարկվեն շահագրգիռ մարմինների հետ:

Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 10:46:29