Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզխորհրդի հերթական նիստում

12.06.2012

Հունիսի 12-ին տեղի ունեցավ Տավուշի մարզխորհրդի հերթական նիստը, որը վարեց Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը: Օրակարգի առաջին հարցով քննարկվեցին ՀՀ կրթության պետական տեսչության կողմից մարտի 19-ից մինչև ապրիլի 5-ը Տավուշի մարզպետարանի կրթության վարչությունում և մարզի դպրոցներում իրականացրած ուսումնասիրությունների արդյունքները: Տեսչության կողմից ուսումնասիրությամբ ընդգրկվող ժամանակահատված է ընդունվել 2009 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2011 թվականի դեկտեմբերի 29-ը: Տեսչության կազմած արձանագրությունները ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի վարչության պետ Աշոտ Փաշինյանը: Վեր հանված թերությունները, որոնք վերաբերում էին 2010-2011 ուստարում մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 10-րդ և 11-րդ դասարաններում սովորողների ընդունելության, տեղափոխման, փոխադրման և ավարտման կարգերին համապատասխան սովորողների շարժին, կրթության բովանդակությանը համապատասխան կրթական գործընթացի կազմակերպմանը, ուսումնական պլանների և առարկայական ծրագրերի կատարմանը, տարեկան ուսումնական ժամանակացույցերին, ինչպես նաև կրթական գործընթացին անհրաժեշտ այլ կազմակերպական աշխատանքային խնդիրներին, մանրամասն քննարկվեցին: Մարզպետ Արմեն Ղուլարյանի կողմից խիստ հանձնարարական տրվեց դպրոցների տնօրեններին` հետևողական լինել նշված թերությունների վերացման գործում, կրթության, մշակույթի, սպորտի վարչությանը հանձնարարվեց վարչության կազմով պարբերաբար լինել դպրոցներում և այսուհետ բացառել նման թերությունները, իսկ հայտնաբերված թերությունների դեպքում դրանց վերացմամբ զբաղվել առավելագույնս օպերատիվ և ժամանակ չձգձգել:
Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետը տեղեկատվություն ներկայացրեց նաև մարզում անցկացվող միասնական և ավարտական քննությունների ընթացքի վերաբերյալ և պատմամշակութային արժեքները պահպանելու և պատանիների ու երիտասարդների քաղաքացիական ու ռազմահայրենասիրական դաստիարակության գործընթացը բարելավելու ուղղությամբ իրականացվող միջոցառումների մասին: Նիստին մասնակցում էին նաև մարզում տեղակայված զորամասերի ներկայացուցիչները, ովքեր հավաստիացրին, որ պատրաստ են դպրոցների հետ համագործակցության: Մարզպետը հանձնարարեց կրթության, մշակույթի և սպորտի վարչությանը մշակել համատեղ միջոցառումների պլան և ներկայացնել հաստատման:
Նիստում անդրադարձ կատարվեց նաև դպրոցներում ռազմագիտության կաբինետների չափանիշների համապատասխանությանն ու դրանց անհրաժեշտ կահավորմանը:
Մարզխորհրդի հաջորդ հարցը վերաբերում էր Տավուշի մարզի համայնքների 2012 թվականի տեղական բյուջեների սեփական եկամուտների 5 ամիսների կատարողականին, որը ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ռոբերտ Ներսիսյանը: Նշվեց, որ 2012 թվականի հունիսի 1-ի դրությամբ մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրումը կազմել է 164,8 մլն. դրամ կամ կատարվել է նախատեսվածի 71,6 տոկոսը: Սեփական եկամուտների թերհավաքագրված գումարը 65,3 մլն դրամ է: Մարզպետ Արմեն Ղուլարյանը հորդորեց համայնքների ղեկավարներին ակտիվացնել սեփական եկամուտների հավաքագրման ուղղությամբ տարվող աշխատանքները: Նշեց, որ հարցը գտնվում է խիստ ուշադրության կենտրոնում, հաճախակի անդրադարձ է կատարվելու և հիշեցրեց, որ շուտով կիսամյակի ամփոփում է լինելու և պետք է ջանքեր չխնայել, որպեսզի ցուցանիշները բարձրանան:
Մարզխորհրդի նիստում օրակարգային էր նաև մարզում իրականացվող գյուղատնտեսական աշխատանքների մասին հարցը: Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Ռազմիկ Մելիքջանյանը ներկայացրեց տեղեկատվություն այդ մասին, ինչպես նաև վերջին օրերին մարզի 11 համայնքներում տեղացած կարկուտի վերաբերյալ: Ամենաաղետալին եղել է Ջուջևան համայնքում տեղացած կարկուտը, որը վնասներ է պատճառել ոչ միայն տնտեսությանը, այլև բնակարանային ֆոնդին: Մարզպետը տեղեկացրեց, որ մասնագետներն արդեն եղել են տեղում, ուսումնասիրել:
Մարզխորհրդի նիստում քննարկվեց նաև Տավուշի մարզի ոռոգելի հողատարածքների և ոռոգման համակարգերի, կատարված աշխատանքների ու հիմնախնդիրների վերաբերյալ հարցը, ինչպես նաև լսվեց տեղեկատվություն առաջիկայում կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ, որոնք Տավուշի մարզում նշանակված են սեպտեմբերի 23-ին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56