Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ֆրանսիայի դեսպանը Տավուշի մարզում էր
08.06.2012
![](http://tavush.mtad.am/files/n_pics/1577_s.jpg)
Հունիսի 7-ին աշխատանքային այցով Տավուշի մարզում էր գտնվում Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն: Այցի ծրագիրը մեկնարկեց Իջևանի քաղաքապետարանում, որտեղ դեսպան Անրի Ռենոյին ընդունեց քաղաքապետ Վարդան Ղալումյանը: Ապա տեղի ունեցավ հանդիպում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում:
Տավուշի մարզպետարանում ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին ընդունեց մարզպետ Արմեն Ղուլարյանը: Ողջունելով պատվարժան հյուրին և շնորհակալություն հայտնելով այցի համար` մարզպետ Արմեն Ղուլարյանը նախ իր երախտագիտությունը հայտնեց Ֆրանսիա պետությանը ու ֆրանսիացի ժողովրդին: Մարզպետը ներկայացրեց Տավուշի մարզը և հատկապես այն հարաբերությունները, որ հաստատվել են Տավուշի մարզի և Օ Դը Սենի նահանգի միջև: Մարզպետ Արմեն Ղուլարյանը դեսպանին հանձնեց իր և Օ Դը Սենի նահանգային խորհրդի նախագահ Պատրիկ Դևեջյանի միջև Իջևանում ու Փարիզում ստորագրված համագործակցության պայմանագրերի պատճենները, տեղեկացրեց այդ պայմանագրերի արդյունքում անասնապահության, այգեգործության, ենթակառուցվածքների վերականգնման և այլ ոլորտներում իրականացված ու դեռ ընթացքի մեջ գտնվող ծրագրերի մասին:
Դեսպան Անրի Ռենոն շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, նշեց, որ իր համար մեծ պատիվ է լինել Տավուշի մարզում, ընդգծեց, որ հատուկ է ընտրել տարվա այս ժամանակահատվածը, որպեսզի առավելագույնս կարողանա իր համար բացահայտել Տավուշի մարզը: Դեսպանը նաև շնորհակալություն հայտնեց մարզպետ Արմեն Ղուլարյանին մարզում իրականացվող ծրագրերը մանրամասն ներկայացնելու համար, նշելով, որ դրանք ավելի են արժևորվում, քանի որ տեղյակ է , թե Տավուշի մարզն ինչպիսի փորձությունների միջով է անցել: Դեսպանը նաև հավաստիացրեց, որ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին բոլոր մակարդակներում երաշխավորված է:
Մարզպետարանում կայացած հանդիպումից հետո դեսպան Անրի Ռենոն մարզպետ Արմեն Ղուլարյանի ուղեկցությամբ այցելեց համայնքներ` Օ Դը Սեն- Տավուշ համագործակցության շրջանակներում իրականացվող անասնապահության և այգեգործության զարգացման ծրագրերին ծանոթանալու համար: