Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հանդիպում Տավուշի մարզպետարանում
31.05.2012

Այսօր, Տավուշի մարզպետարանում, մարզպետ Արմեն Ղուլարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտային:
Մարզպետը ողջունեց դեսպանին, շնորհակալություն հայտնեց այցելության համար, ապա ներկայացրեց մարզն իր աշխարհագրական դիրքով, տնտեսության ճյուղերով, զարգացման հեռանկարներով: Մարզպետ Արմեն Ղուլարյանը նշեց, որ տարածաշրջանային մակարդակով Տավուշի մարզը որոշակի համագործակցություններ ունի Ուկրաինայի հետ: Դեռևս 2009 թվականին ստորագրվել են համագործակցության պայմանագրեր Ուկրաինայի Չերկասիի և Խարկովի մարզերի հետ, և դեսպանի աջակցությամբ դրանք հնարավոր է առավել գործուն դարձնել, դնել գործնական ու ակտիվ հիմքերի վրա:
Իր հերթին դեսպան Իվան Կուխտան շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար: Ընդգծեց, որ երկու ազգերի բարեկամության պատմությունը սկսվում է դեռևս 11-րդ դարից: Բազմաթիվ թելերով երկու պետությունները կապված են միմյանց հետ, այսօր էլ Ուկրաինայում հայկական մեծ համայնք է ձևավորվել: Վերջին 1,5 տարվա ընթացքում առավել ակտիվացել են երկու երկրների հարաբերությունները: Այս ընթացքում եղան բազմաթիվ փոխադարձ այցելություններ պետական մակարդակով: Ուկրաինայում անցկացվեցին հայկական մշակույթի օրեր, Հայաստանում` Ուկրաինայի մշակույթի օրեր: Հիմա, ինչպես հայտնեց դեսպան Կուխտան, խնդիր է դրված առավել ակտիվացնել հարաբերությունները հենց երկու երկրների տարածաշրջանների միջև: Ուկրաինայի դեսպանի խոսքով հնարավոր է կազմակերպել բազմաթիվ միջոցառումներ, այդ թվում` բիզնես-ֆորումներ, մշակութային հանդիպումներ միջտարածաշրջանային մակարդակում:
Հանդիպումից հետո հյուրերը եղան Իջևանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում, որը վերականգնվել է Ուկրաինայում բնակվող գործարար Անդրանիկ Ղազարյանի հովանավորությամբ: