Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային խորհրդակցություն մարզպետարանում
24.05.2012
Տավուշի մարզպետարանում համայնքների ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն, որը վարում էին ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը և Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը: Օրակարգում համայնքների սեփական եկամուտների հավաքագրման մակարդակն էր: Հրավիրված էին այն համայնքների ղեկավարները, որոնց մոտ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ սեփական եկամուտների, մասնավորապես, հողի հարկի հավաքագրման ցածր տոկոսներ են արձանագրվել: Տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդգծեց, որ նախարարությունը մշտապես մոնիտորինգի տակ է պահում խնդիրը, դրանք պարբերաբար քննարկվում են ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ, և այս ամենը միտում ունի յուրաքանչյուր տարի նախորդի համեմատությամբ աճ արձանագրել, ոչ թե` նվազում: Այնպես որ երրորդ եռամսյակը նույնպես պետք է ավարտել առանց հետընթացի: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին և վերլուծվեցին այն խնդիրները, որոնք կարող են պատճառ հանդիսանալ ցածր հավաքագրման, ինչպես նաև պարոն Տերտերյանը մանրամասն պարզաբանումներ տվեց 2012 թվականի ապրիլի 28-ից ուժի մեջ մտած <<Գույքահարկի և հողի հարկի գծով առաջացած ապառքների մասին>> ՀՀ օրենքի վերաբերյալ: