Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀԻՄՆԱՐԿԵՔԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԲԵՐԴՈՒՄ
21.05.2012
Մայիսի 20-ին Տավուշի մարզի Բերդ քաղաքում դրվեցին նոր կառուցվող եկեղեցու առաջին քարերը: Սահմանամերձ համայնքում Աստծո տան կառուցման նախաձեռնությունը պատկանում է ,,Տավուշի հոգևոր ծնունդ,, հիմնադրամին: Հիմնարկեքի հանդիսավոր արարողությանը ներկա էին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, բազմաթիվ հյուրեր, համայնքի բնակիչներ: Տեղի ունեցավ քարերի օծման և տեղադրման արարողակարգ: Համաձայն Հայաստանյաց առաքելական եկեղեցու սուրբ ավանդության՝ Տավուշի թեմի առաջնորդ Տեր Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանի ձեռամբ օծվեցին Աստծո տան տասնվեց վեմ քարերը և տեղադրվեցին Տավուշի մարզպետի, մյուս պատվավոր հյուրերի ձեռքով, ովքեր ստանձնել էին այդ քարերի կնքահայրը լինելու աստվածահաճո գործը:
Բերդի եկեղեցու շինարարության ընդհանուր գումարը կազմում է 450 մլն դրամ, որից մի մեծ հատված տրամադրում է Մայր աթոռը, այդ նպատակով հանգանակած 150000 դոլարը կհատկացնի Բերդի քաղաքապետարանը, իսկ մնացյալ տարբերությունը կլրացնի եկեղեցու շինարար Արամայիս Որսկանյանը: