Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀԱՂԹԱՆԱԿԻ ՈՒ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՕՐԸ ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆ ԻՋԵՎԱՆՈՒՄ
10.05.2012
Մայիսի 9-ին Տավուշի մարզի համայնքներում տարաբնույթ միջոցառումներ էին կազմակերպվել՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում գերմանական ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 67-րդ տարեդարձին և Շուշիի ազատագրման 20-ամյա հոբելյանին: Գլխավոր միջոցառումը տեղի ունեցավ մարզկենտրոն Իջևանում: Այստեղ Խաղաղության և հաղթանակի տոնին նվիրված միջոցառումների շարքը մեկնարկեց առավոտյան՝ Սահմանադրության հրապարակից, որտեղից հազարավոր իջևանցիներ երթով շարժվեցին դեպի պատերազմի զոերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր և ծաղիկներ խոնարհեցին հուշարձանին: Հուշարձանին ծաղկեպսակ դրեցին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը և Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը: Տոնի առթիվ հնչեցին բազմաթիվ շնորհավորանքի ու բարեմաղթանքի խոսքեր: Միջոցառումը շարունակվեց քաղաքի Շատրվանների հրապարակում, որտեղ տեղի ունեցավ զինվորական շքերթ: Փողային նվագախմբի խրոխտ հնչյունների ներքո անցան Իջևանի գնդի ստորաբաժանումները, իսկ զինվորները ներկաներին հիացրին մարտական հնարքների ցուցադրման իրենց իմացությամբ ու հմտությամբ: