Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով Տավուշի մարզում էր

28.04.2012

Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 26-ին և 27-ին աշխատանքային այցով Տավուշի մարզում էր:

Հանրապետության ղեկավարն այցելեց Երևանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղ, որտեղ Նախագահի ներկայությամբ բացվեց գործարանի հնեցման արտադրամասը: Հաշվի առնելով Հայաստանի սահմանամերձ շրջաններում արդյունաբերության զարգացման կարևորությունը՝ Երևանի կոնյակի գործարանն ընդլայնում է իր արտադրական կարողությունները: Գործարանի պատասխանատուների հավաստմամբ, Բերդի մասնաճյուղի գործարկումից հետո կավելանա նաև աշխատատեղերի թիվը:

Նախագահին ներկայացվեց Բերդ քաղաքում կառուցվող եկեղեցու շինարարական աշխատանքների ընթացքը ևս: Դրանք նախատեսվում է ավարտել 2014թ. առաջին կիսամյակում:

Աշխատանքային այցի ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանին զեկուցվեց նաև ՀՀ Նախագահի 30.07.2008թ. կարգադրության միջոցառումների ժամանակացույցով նախատեսված Չինարի-Այգեձոր-Արծվաբերդ-Վերին Կարմիրաղբյուր-Բերդ ավտոճանապարհի վերանորոգման շինարարական աշխատանքների ընթացքի վերաբերյալ:

Հանրապետության ղեկավարը ծանոթացավ Վարագավանք վանքային համալիրի և դեպի համալիր տանող հանրապետական նշանակության ճանապարհի վերականգնման ծրագրերին ևս: Սերժ Սարգսյանին ներկայացվեց, որ Վարագավանքի վերականգնման աշխատանքներն իրականացվում են պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակներում: Հուշարձանի վերականգնողական աշխատանքների առաջին փուլի մեկնարկը նախատեսված է 2012թ. մայիսին: Սերժ Սարգսյանին զեկուցվեց նաև Վարագավանք պատմական հուշարձան տանող հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների վերաբերյալ, ըստ որի նախատեսված շինարարական աշխատանքներն ավարտված են, և Իջևան-Բերդ մայրուղուց մինչև վանական համալիր տանող ճանապարհն ասֆալտապատված է:

Ապրիլի 26-ին Նախագահը եղավ նաև Վազաշեն համայնքում, ծանոթացավ գյուղում իրականացված ծրագրերին: Նշվեց, որ ՀՀ պետական բյուջեի միջոցներով վերականգնվել է Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար ավտոճանապարհի փլուզված հատվածը, ավարտվել են Վազաշենի համայնքային կենտրոնի շինարարական աշխատանքները, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի և համայնքի միջոցներով համայնքը գազաֆիկացվել է, ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվել են ոռոգման ջրանցքների մաքրման և վերանորոգման աշխատանքներ:

Մարզի մեկ այլ՝ Բաղանիս համայնքում Նախագահը ծանոթացավ տարածաշրջանային գյուղատնտեսական ծրագրերին, որոնց շրջանակներում կառուցվել են չորանոցներ, ներդրվել է համայնքի ինքնհոս ոռոգման համակարգ, աշխատանքներ են կատարվել համայնքի գազաֆիկացման ուղղությամբ:

Ակնաղբյուրում Նախագահն այցելեց «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամի ծրագրով կառուցվող անասնապահական համալիր, ծանոթացավ Ֆրանսիայի Օ-դը-Սեն նահանգի միջոցներով այս համայնքում իրականացվող գյուղատնտեսական ուղղվածության ծրագրերին:


Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի երկրորդ օրը՝ ապրիլի 27-ին, Նախագահ Սերժ Սարգսյանն այցելելեց Դիլիջանի նոր կառուցվող միջազգային դպրոց, դիտեց շինարարական աշխատանքների ընթացքը: Նախագահին ներկայացվելց, որ Դիլիջանի միջազգային դպրոցը, որի ստեղծման նպատակն է կազմակերպել տարածաշրջանային ուսումնական գերազանցության կենտրոն՝ տրամադրելով ազգային հարուստ կրթական ավանդույթներով և միջազգային չափանիշներին համապատասխան ժամանակակից որակյալ կրթություն, իրականացվելու է երկու փուլով: Առաջին փուլը նախատեսվում է ավարտել 2014թ. ամռանը: Ընթացիկ տարվա հունիս ամսին կսկսվեն դպրոցի շինարարական լայնածավալ աշխատանքները: Դիլիջանի միջազգային դպրոցի կառուցման նախագիծը ծրագրված է ավարտել 2016թ.: Դպրոցը նախատեսված է 13-18 տարեկան 650 աշակերտի համար:

Աշխատանքային այցի ընթացքում Սերժ Սարգսյանին զեկուցվեց նաև ՀՀ կենտրոնական բանկի «Դիլիջան» ուսումնահետազոտական կենտրոնի, Դիլիջանի քաղաքային գրադարանի, «Դիլիջան» ուսումնահետազոտական կենտրոնի բազմաբնակարան շենքի շինարարական աշխատանքների ընթացքի մասին:

Քաղաքի երկրագիտական թանգարան-պատկերասրահում շրջայցի ժամանակ Հանրապետության ղեկավարը ծանոթացավ նորակառույց, ժամանակակից հարմարություններով ապահովված Դիլիջանի թանգարանային նոր շենքի պայմաններին, դիտեց թանգարան-պատկերասրահում պահվող ստեղծագործություններն ու դարերի վաղեմություն ունեցող հնագիտական, ազգագրական ցուցանմուշները:

Նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացվեց նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ հիմնանորոգված և ասֆալտապատված միջպետական ավտոճանապարհից Հաղարծին վանական համալիր տանող ավտոճանապարհը, նշվեց, որ կառուցվել է ջրատար, գազատար, անցկացվել է հոսանքագիծ: Սերժ Սարգսյանը Հաղարծին եկեղեցական համալիրում ծանոթացավ եկեղեցու վերակառուցման աշխատանքներին ևս:

Տավուշի մարզ աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահին զեկուցվեց նաև մարզում 2012-2013թ.թ. իրականացվելիք գազաֆիկացման աշխատանքների մասին:

ՀՀ Նախագահի մամլո գրասենյակ
Տավուշի մարզպետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03