Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՏՈՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳՆԴՈՒՄ

30.01.2012

Հայաստանի հանրապետական կուսակցությունն ու Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարությունը Հայոց բանակի կազմավորման 20-ամյա տարեդարձի առթիվ հաճելի անակնկալ էին պատրաստել Կենտրոն համայնքից Իջևանի գնդում իրենց քաղաքացիական ու հայրենասիրական պարտքը կատարող ժամկետային զինծառայողների համար: Հունվարի 29-ին Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Գագիկ Գյանջումյանի գլխավորությամբ Երևանից ժամանած մի պատկառելի պատվիրակություն հյուրընկալվեց գնդում, իսկ ամենամեծ անակնկալը զինծառայողների համար պատվիրակության կազմում իրենց ծնողներին ու հարազատներին տեսնելն էր: Բանակի տոնի ու այդ հրաշալի իրադարձության առթիվ զորամասի ընդարձակ դահլիճում կազմակերպված միջոցառմանը ներկա էին զինվորներ ու սպաներ, վետերաններ, ծնողներ ու հյուրեր: Հանրապետական կուսակցության և համայնքի անունից ողջույնի խոսք ասաց ու տոնի առթիվ հայրենիքի պաշտպաններին շնորհավորեց Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Գագիկ Գյանջումյանը և դրսևորած գերազանց ծառայության ու օրինակելի վարքի համար շնորհակալագրեր հանձնեց աչքի ընկած մի խումբ զինծառայողների: Կարևորելով նման միջոցառումների կազմակերպումը զինվորի ոգին բարձր պահելու գործում՝ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը նշեց, որ, շնորհիվ մեր հզոր բանակի, թշնամու հետ ամենաերկար սահմանն ունեցող տավուշցին այսօր վստահ է, որ իր սահմանի անվտանգության պաշտպանությունը հուսալի ձեռքերում է և հանգիստ կարող է զբաղվել իր խաղաղ ու ստեղծագործ աշխատանքով:Տավուշցին գնահատում, սիրում ու հարգում է իր սահմանը պահող զինվորին: Վետերանների անունից սրտի խոսք ասաց վետերանների խորհրդի անդամ, գնդապետ Ռուբեն Բախշյանը: Հույս հայտնելով, որ նման գեղեցիկ նախաձեռնությունը կունենա իր շարունակականությունը ու նաև օրինակ կդառնա ուրիշների համար, շնորհավորանքի խոսք ասաց նաև 3-րդ բանակային զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Սարգսյանը: Միջոցառման պաշտոնական մասին հաջորդեց համերգային ծրագիրը, որն իրենց հետ բերել էին հյուրերը: Պարային գեղեցիկ համարներ, հայրենասիրական խրոխտ ու սրտառուչ երգերի կատարումներ, որոնք հաճախ ուղեկցվում էին հոտնկայս ծափերով: Օրվա ծրագիրը բավականին հագեցած էր: Ծնողներն այդ օրը հնարավորություն ունեցան ոչ միայն տեսնելու իրենց զավակներին, այլև ծանոթանալու նրանց ծառայության պայմաններին, լինելու իդեալական մաքրությամբ ու հարմարավետությամբ աչքի ընկնող զինվորական ճաշարանում, համտեսելու զինվորական ճաշը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 17:11:50