Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նշվեց Հայոց բանակի 20-ամյակը

27.01.2012

Տավուշի մարզկենտրոն Իջևանում, Տավուշի մարզպետարանի և Իջևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, մեծ շուքով նշվեց Հայոց բանակի 20-ամյա տարեդարձը: Քաղաքի Սահմանադրության հրապարակից սկիզբ առած երթն իր ավարտն ունեցավ Ազատամարտիկների հրապարակում, որտեղ ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ տեղի ունեցավ հիշատակի ու ոգեկոչման արարողություն: Բազմաթիվ ծաղկեպսակներով ու ծաղիկներով պատվեց հուշարձանը: Այդ նույն հրապարակում Իջևանի զորամասի զինվորները հանդես եկան զինավարժություններով և ցուցադրական ելույթներ ունեցան:
Միջոցառումների շարքի հաջորդ փուլը մշակույթի տանն էր, որտեղ կայացավ հանդիսավոր նիստ: Մասնակցում էին հյուրեր մարզի տարբեր բնագավառներից, զինկոմիսարներ, մարզային ուժային կառույցների , հանրապետական գործադիր մարմինների ներկայացուցիչներ, համայնքների աշխատակազմերի աշխատակիցներ, մտավորականներ: Նախ Տավուշի թեմի առաջնորդական տեղապահ Տեր Թորգոմ վարդապետ Տոնիկյանը աղոթք հնչեցրեց առ Աստված, որ մեր բանակը խաղաղությունը պաշտպանի, ոչ թե ստիպված լինի մտնել մարտական գործողությունների մեջ: Օրվա առթիվ ողջույնի խոսք ասացին Իջևանի գնդի հրամանատար, գնդապետ Մախսուդյանը, Իջևանի զինվորական կոմիսարի տեղակալ, մայոր Արծրուն Խաչատրյանը` հիշելով բանակի կազմավորման առաջին օրերը: Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը նույնպես շնորհավորեց հոբելյանի կապակցությամբ և օրինակելի ծառայության համար շնորհակալագրեր հանձնեց մի շարք զինվորների:
Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը ողջույնի իր խոսքում նշեց, որ չնայած երիտասարդ տարիքին, Հայոց բանակը լիովին կայացել է և պատրաստ է պաշտպանել հայրենի երկրի սահմանները: Այնուհետև մարզպետը հայրենիքի նկատմամբ պարտքի զգացումով ու նվիրումով ծառայության համար պատվոգրեր ու շնորհակալագրեր հանձնեց մի խումբ զինվորների:
Հանդիսավոր նիստին հաջորդեց մշակութային մասը, որի ընթացքում ելույթ ունեցան զինվորական նվագախումբը, Իջևանի <<Փյունիկ>> պարի խումբը, անհատ կատարողներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57