Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՆՈՐ ՏԱՐՎԱ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ

20.01.2012

Հունվարի 19-ին տեղի ունեցավ ՀՀ Տավուշի մարզխորհրդի 2012 թվականի անդրանիկ նիստը: Մարզխորհրդի նիստին նրա 63 անդամներից ներկա էին 60-ը, մասնակցում էին նաև մարզի հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներ: Նիստի աշխատանքներին մասնակցում էր ՀՀ տարածքային կառավարման նախարարության ներկայացուցիչ Արամ Սարգսյանը: Նիստը բացեց Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը: Շնորհավորելով ներկաներին նոր աշխատանքային տարին սկսելու կապակցությամբ` մարզպետը մաղթեց բոլորին հաջողություններ, թիմային և համախմբված աշխատանք` մշտապես աշխատանքի հիմքում ունենալով օրենքի գերակայությունը: Այնուհետև պարոն Ղուլարյանն օրակարգի առաջին հարցով ներկայացրեց Տավուշի մարզում 2011 թ. կատարած աշխատանքները, սոցիալ-տնտեսական իրավիճակը և 2012թ. խնդիրները: Մարզպետը ոլորտ առ ոլորտ մանրամասն անդրադարձավ իրականացված աշխատանքներին, ունեցած ձեռքբերումներին և եղած խնդիրներին: Նա մասնավորապես կանգ առավ համայնքներում սեփական եկամուտների կատարողականների, ջրամատակարարման ու ոռոգման համակարգերում իրականացված բարեփոխումների ու ծրագրերի, քաղաքաշինության, տրանսպորտի ու ճանապարհաշինության ոլորտներում կատարված աշխատանքների, ինչպես նաև առաջնահերթություն ներկայացնող մի շարք այլ հարցերի վրա: Առողջապահության ոլորտում կարևորվեց Բերդի բժշկական անձնակազմի երիտասարդացման խնդիրը: Նշվեց, որ զորակոչի առաջադրանքը կատարվել է ամբողջությամբ. բոլոր զինկոմիսարիատները իրենց առաջադրանքները կատարել են գերակատարումով: Օրակարգի առաջին հարցի շրջանակներում ելույթ ունեցավ մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Աշոտ Փաշինյանը: Նա մանրամասն անդրադարձավ դպրոցների բյուջեի հաշվարկման ֆինանսական նոր մեթոդին:
Օրակարգի երկրորդ հարցը վերաբերում էր մարզի գյուղատնտեսության ոլորտի 2012 թ. խնդիրներին, որով հանդես եկավ մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Ռազմիկ Մելիքջանյանը: Նա նախ անդրադարձ կատարեց 2011-ին ոլորտում ունեցած ձեռքբերումներին, ապա անցավ ընթացիկ տարվա խնդիրներին ու նախատեսված աշխատանքներին: Նշվեց, որ 2011-ը բարենպաստ տարի էր գյողատնտեսության համար. մարզի համայնքներում ժամանակին են ավարտվել բերքահավաքի աշխատանքները, և նախորդ տարվա համեմատ ավելացել են բոլոր մշակաբույսերի և փաստացի բերքը, և միջին բերքատվությունը: Նախատեսվում է մարզի ցանքատարածությունների և պտղատու այգիների ընդլայնում:
2012-ին մարզի համայնքներում աղբահանության, սանմաքրման և բարեկարգման աշխատանքների վերաբերյալ զեկուցեց մարզպետարանի քաղաքաշինության վարչության գլխավոր մասնագետ Միքայել Ղալումյանը: Նշվեց, որ այս ուղղությամբ զգալի աշխատանքներ են կատարվել մարզի ավտոճանապարհներին հարակից տարածքներում, և այդ աշխատանքների շարունակականությունն ապահովելու նպատակով Տավուշի մարզպետի համապատասխան կարգադրությամբ ստեղծվել է սանմաքրման և աղբահանության աշխատանքները համակարգող մարզային հանձնաժողով: Խոսվեց նաև աղբահանության և սանմաքրման ուղղությամբ համայնքներում իրականացվող աշխատանքների մասին: Որպես դրական օրինակ բերվեց ճանապարահամերձ Դիլիջան, Հաղարծին, Բաղանիս, Ջուջևան,Ազատամուտ համայնքների աշխատանքը: Մի շարք համայնքների ղեկավարների ուշադրությունն էլ հրավիրվեց այս գործի պատշաճ կազմակերպման վրա:
Ամփոփելով նիստը` Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց առաջիկա համապետական մեծ տոնի` Հայոց բանակի 20-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստման ու կազմակերպման վրա:

ՀՀ Տավուշի մարզպետի 2011 թվականի կատարած աշխատանքների մասին հաշվետվությանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ կայքի մարզպետարան բաժնի հաշվետվություններ ենթաբաժնում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57