Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԱՄՓՈՓԻՉ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
26.12.2011
Այսօր` դեկտեմբերի 26-ին, ՀՀ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն աշխատանքային հերթական խորհրդակցությունն անցկացրեց մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների հետ: Տարեվերջյան այս խորհրդակցությանը մարզպետարանի վարչությունների պետերը և բաժինների վարիչները ըստ ոլորտների ամփոփ ներկայացրին կատարած աշխատանքները: Առաջինը զեկուցեց մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ռոբերտ Ներսեսյանը: Այնուհետև գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Ռազմիկ Մելիքջանյանը ներկայացրեց ընթացիկ գյուղտնտեսական տարվա ցուցանիշները: Նշվեց, որ նախորդ տարվա նկատմամբ 2011-ը նպաստավոր տարի էր: Տասնմեկ ցուցանիշների գծով նախորդ տարվա համեմատ դրական աճ է գրանցվել: 2011 թվականին 14 հազար 300 հեկտար աշնանացան և գարնանացան է կատարվել, որը նախորդ տարվանից ավել է 150 հեկտարով: Նախորդ տարվանից ավել է արտադրվել նաև 12 տոննա հացահատիկ և հացահատիկաընդեղեն, 5000 տոննա կարտոֆիլ, 5000 տոննա պտուղ-հատապտուղ, խաղող` 2000 տոննա, ծխախոտ` 300 տոննա: Անասնագլխաքանակը ըստ տեսակների հաշվառման ընթացքի մեջ է, և ըստ նախնական հաշվարկների նույնպես կգերազանցի նախորդ տարվա ցուցանիշը: Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Աշոտ Փաշինյանը զեկուցեց, որ մարզի բոլոր դպրոցներում ամփոփվել են առաջին կիսամյակի արդյունքները, սահմանված կարգով են կազմակերպվել ու անցկացվել դպրոցների տնօրենների թափուր տեղերի մրցույթները: Դպրոցները ջեռուցման խնդիր չեն ունեցել: Իսկ այն դպրոցները, որոնք այսօր չունեն լոկալ կաթսայատներ և ջեռուցվում են փայտի վառարաններով կամ էլեկտրական միջոցներով, մարզպետը հանձնարարեց հաշվառման վերցնել: Քաղաքաշինության, ճանապարհաշինության, հողաշինության և մյուս ոլորտների աշխատանքները ներկայացրին այդ ոլորտների ղեկավարները: Անդրադարձ եղավ նաև զորակոչի ընթացքին: Կապված մարզպետարանի պաշտոնական կայքէջի հետ` Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարեց ըստ ոլորտների կայքն ապահովել համապատասխան տեղեկատվությամբ` ապահովելով դրանց թափանցիկությունը: