Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԾՐԱԳՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է
08.12.2011
2011 թվականի մարտին Ֆրանսիայում Օ-Դը-Սենի գլխավոր խորհրդի նախագահ Պատրիկ Դևեջյանի և Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի միջև ստորագրված ապակենտրոնացված համագործակցության շրջանակային պայմանագրի համաձայն Տավուշի մարզի Լուսաձորի տարածքում Ֆրանսիայի Օ-Դը-Սեն նահանգի ֆինանսավորմամբ կառուցվող անասնապահական ֆերմայի շինարարության վերջին աշխատանքներն են կատարվում: 2011 թվականի հոկտեմբերից կառուցվող շինությունը շահագործման կհանձնվի մինչև Նոր տարի, որպեսզի օր առաջ այստեղ տեղափոխվեն դարձյալ ֆրանսիացի բարերարների օժանդակությամբ Դանիայից ներկրված 80 հղի կովերը, որոնք ժամանակավորապես տեղավորվել են Լուսաձորի ֆերմայում: Եվրոպական չափանիշներով կառուցվող ֆերմայում ստեղծված են բոլոր պայմանները կովերի խնամքի համար: Ծրագիրն իրականացնում է ,,ՀիմնաՏավուշ՚՚ զարգացման հիմնադրամը: Նշենք, որ կովերի առաջին գլխաքանակը, 50 կով, ներկրվել է դեռևս նախորդ տարի և բաժանվել գյուղացիներին: Իսկ դանիական ջերսեյ տեսակի կովերի այս նոր խմբաքանակը կմնա ֆերմայում, ծնված հորթերը կտրվեն սահմանամերձ գյուղերի բնակիչներին, ովքեր կմիավորվեն 15-20 հոգուց կազմված կոլեկտիվ տնտեսություններում՝ ստեղծելով մինի ֆերմաներ: Կովերը կաթնատու ցեղի են և տարեկան 5000-7000 լիտր բարձր յուղայնությամբ կաթ են տալիս:
-Ցրտից չվախեցող կովեր են, տեղի կլիման էլ խորթ չէ նրանց, ու կարող եմ ասել, որ անասուններն արդեն անցել են ադապտացման շրջանը,- ասում է հիմնադրամի փոխտնօրեն Ռոբերտ Նավասարդյանը:- Ծրագիր կա եկող տարի զգալիորեն ավելացնել ներկրվող կովերի գլխաքանակը: Իսկ այս կովերի ծինը կսկսվի հունվար ամսից և կշարունակվի մինչև 2012 թվականի ապրիլը:- Մեծ ծրագրի սկիզբ ենք դրել, որը հետագայում ավելի կընդլայնի իր գործունեության շրջանակները: Սկզբնական շրջանում կունենանք մեր սեփական կերաբազան, որպեսզի անասուններն ապահովվեն որակյալ կերով, կստեղծվեն կաթի վերամշակման և պանրի արտադրամասեր: Մեր գլխավոր նպատակը տոհմային, ցեղային կովերի բազա ունենալն է, մարզում անասնապահության զարգացմանը խթանելն ու, որ ես շատ եմ կարևորում, նոր աշխատատեղերի ստեղծումը սահմանամերձ մարզում: