Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ԻՋԵՎԱՆԸ՝ ՎԱՎԵՐԱԳՐԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ
10.11.2011
Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման 15-ամյակին նվիրված հետաքրքիր միջոցառում էր կազմակերպել Հայաստանի ազգային արխիվի Տավուշի մարզային մասնաճյուղը՝ տնօրեն Ռոբերտ Վարդումյանի գլխավորությամբ. Իջևանի պատմաերկրագիտական թանգարանում բացել էր հոբելյանին նվիրված ցուցահանդես: Միջոցառման կայացմանն աջակցել էին Տավուշի մարզպետարանն ու Իջևանի քաղաքապետարանը: Թանգարանի նախասրահում, առանձին ցուցափեղկերով, փաստաթղթային նյութերի ու լուսանկարների տեսքով ներկայացվել էր հին ու նոր Իջևանը, նրա պատմությունն ու անցած ուղին՝ սկսած 1880 թվականից մինչև մեր օրերը: Մինչ ցուցահանդեսի բացումը Իջևանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը նախ ողջունեց ներկաներին, ապա անդրադարձավ վերջին 15 տարիներին քաղաքում կատարված բարեփոխումներին ու ձեռքբերումներին: Այնուհետև բոլորը մեծ հետաքրքրությամբ դիտեցին ցուցահանդեսը: Միջոցառումը նաև մի լավ առիթ էր շրջելու թանգարանի սրահներով և ծանոթանալու նրա բազմաթիվ ցուցանմուշներին: