Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ռումինիայի քաղաքապետերը` Տավուշի մարզում
27.10.2011
![](http://tavush.mtad.am/files/n_pics/690_s.jpg)
Եռօրյա աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում են գտնվում Ռումինիայի Պիտեշտ, Ֆոկշան, Ռոման, Գեռլա, Դումբրավեն, Ֆրումոասա քաղաքների քաղաքապետեր Թուդոր Պենդիուկը, Բոգդան Մատիշանը, Լաուրենցիու Լեորեանուն, Օվիդիու Դրագանը, Ջորջետա Իրիմիեն, Տիբոր Ֆերենցը: Նրանց Տավուշի մարզպետարանում ընդունեց մարզպետ Արմեն Ղուլարյանը: Հանդիպմանը ներկա էին նաև Տավուշի մարզի քաղաքային համայնքների ղեկավարները:
Մարզպետ Արմեն Ղուլարյանը ողջունելով հյուրերին, նշեց որ ուրախ է ընդունելու նման պատվիրակության և հույս հայտնեց, որ ճանաչողական այցը կտա նաև գործնական արդյունք` դառնալով համագործակցության հիմք: Ապա մարզպետը հյուրերին ներկայացրեց Տավուշի մարզն իր աշխարհագրական դիրքով, տնտեսության ոլորտներով և դրանց զարգացման հեռանկարներով:
Ռումինիայի քաղաքպետերը հայտնցին, որ իրենց համար մեծ պատիվ է լինել Հայաստանում, քանի որ հայ ժողովուրդը մեծ ավանդ ունի իրենց քաղաքների կառուցման ու զարգացման գործում:
Գեռլա և Դումբրավեն քաղաքների ղեկավարները տեղեկացրին, որ 18-րդ դարի սկզբին իրենց քաղաքները հիմնել են հենց հայերը և դրանք երկար ժամանակ կառավարվել են հայկական օրենքներով: Այսօր էլ այս քաղաքներում առկա է հայկական հարուստ մշակութային ժառանգություն` քաղաքային հոգևոր և աշխարհիկ շինությունների, արվեստի գործերի, գիտապատմական հետաքրքրություն ներկայացնող արժեքավոր արխիվների ու իրերի տեսքով:
Հանդիպման ընթացքում երկու կողմերի միջև քննարկում ծավալվեց համագործակցության հնարավոր ոլորտների վերաբերյալ, նախանշվեցին քաղաքների միջև բարեկամական կապեր հաստատելու հնարավոր տարբերակները: Պայմանավորվածություն ձեռք բերվեց նաև Տավուշի մարզի և ռումինական Արջես տարածաշրջանի միջև գործնական կապեր հաստատելու մասին: