Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կառավարությունն օգնություն է ցուցաբերում աղետի զոհերի ընտանիքներին
20.10.2011

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Տավուշի մարզում տեղի ունեցած արտակարգ իրավիճակի վայրում որոնողափրկարարական աշխատանքների կատարումն ապահովելու նպատակով կառավարությունն իր պահուստային ֆոնդից ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայությանը հատկացրել է 65 մլն 642 հազար 600 դրամ, որից 5 մլն դրամը` իբրև օգնություն աղետի զոհ դարձած հինգ անձանց ընտանիքներին։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը նաև տեղեկացրել է, որ սոցիալապես անապահով տուժածներին աջակցություն ցուցաբերելու հանձնարարություն է տրվել Տավուշի և Լոռու մարզպետներին։ Վանաձոր-Բագրատաշեն միջպետական մայրուղու փլուզված հատվածի երկարությունը մոտ 300 մետր է, ճանապարհին կուտակված հողազանգվածի միջին բարձրությունը` 10-15 մետր։ Դեպքի վայրում միաժամանակ աշխատել են ՀՀ ԱԻՆ 150 ծառայողներ և 20 միավոր փրկարարական և այլ հատուկ տեխնիկա։