Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային այցով Տավուշի մարզում էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը

17.10.2011

Հոկտեմբերի 15-ին աշխատանքային այցով Տավուշի մարզում էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Առաջին կանգառը Վազաշեն համայնքում էր, որտեղ հանդիսավորությամբ բացվեց համայնքային կենտրոնը: Այն կառուցվել է դեռևս 1988-ի երկրաշարժից տուժած ավերված կիսակաույցի հիման վրա Սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցներով: Գումարը կազմել է 111 մլն դրամ, շենքում գործելու է հանդիսությունների սրահը, գրադարանը, այստեղ է տեղավորված նաև գյուղապետարանը: Համայնքային կենտրոնը տալիս է նաև բոլոր հնարավորությունները մշակութային խմբակների կազմավորման և գործելու համար: Վարչապետի մասնակցությամբ մարզի Տավուշ համայնքում շահագործման հանձնվեց Բերդ, Վերին Կարմիրաղբյուր, Ներքին Կարմիրաղբյուր, Մովսես, Տավուշ համայնքների ոռոգման ներքին ցանցի համակարգը: Ծրագիրն իրականացվել է Գյուղատնտեսական տարածքների զարգացման ծրագրով /IFAD/, արժեքը կազմել է 220 մլն ՀՀ դրամ: Արդյունքում ոռոգելի կդառնա ավելի քան 500 հա հողատարածք վերոնշյալ համայնքներում:
ՀՀ վարչապետի հաջորդ կանգառը Բերդի բժշկական կենտրոնում էր: Այստեղ վարչապետին ներկայացվեց կենտրոնի շենքի հիմնանորոգման ծրագիրը: 1,5 մլն դոլարի սահմաններում շուտով այստեղ կմեկնարկեն վերանորոգման աշխատանքները: Վարչապետը շրջել է բժշկական կենտրոնում, ծանոթացել գործունեությանը: Կենտրոնն ունի 154 աշխատող, իրականացնում է թերապևտիկ, վիրաբուժական, ինֆեկցիոն և գինեկոլոգիական ծառայություններ:
Բերդի ավագ դպրոցում հոկտեմբերի 15-ը խիստ տոնական օր էր: Կրթօջախն անվանակոչվեց Հանրապետության վաստակավոր մանկավարժ Մարուսյա Սաղումյանի անվամբ և դպրոցի բակում բացվեց նրա հուշարձանը: Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցեց տոնական արարողություններին, այնուհետև նույն դպրոցում կառուցված մարզադահլիճի բացմանը: Այն նույնպես կառուցվել է Սոցիալական ներդրումների հիմնադրամի ծրագրով: Իրականացման համար ներդրվել է 123 մլն դրամ, որից 6,2մլն դրամը համայնքային բյուջեից:
Բերդի մշակույթի տանը, ՀՀ վարչապետ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան Սարգսյանը հանդիպում ունեցավ Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամների հետ և 100 նորաթուխ կուսակցականների հանդիսավորությամբ հանձնեց կուսակցական տոմսեր: Վարչապետը ողջունելով կուսակցության անդամներին, նշել է, որ իր համար մեծ պատիվ է վերջիններիս հանձնել կուսակցական տոմսեր, որովհետև նրանք կատարել են պատասխանատու որոշում՝ այնպիսի ժամանակահատվածում, երբ Հանրապետական կուսակցությունն է ստանձնել պարտավորություն՝ լուծելու մեր երկրի առջև ծառացած խնդիրները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18