Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ ՏԱՎՈՒՇՈՒՄ
22.09.2011
Սեպտեմբերի 21-ին Տավուշի մարզկենտրոն Իջևանում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձին նվիրված գլխավոր միջոցառումը, որին ներկա էին ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Սամվել Նիկոյանը, ԱԺ պատգամավորներ Միքայել Վարդանյանը, Հակոբ Հակոբյանը, պետական կառույցների ղեկավարներ, բազմաթիվ հյուրեր: Տոնը համաժողովրդական էր, ու տոնին ներկա էր տարածաշրջանի ամբողջ բնակչությունը: Բազմաչարչար հայ ժողովրդի` անկախ պետություն ունենալու դարավոր երազանքը արդեն 20 տարի է անշրջելի իրողություն է, ու օրվա խորհուրդը խինդով էր լցրել բոլորի սրտերը: Հոբելյանական օրն սկսվեց վաղ առավոտյան Սբ. Ներսես Շնորհալի եկեղեցում կատարված Հանրապետական մաղթանքով` հանուն անկախ պետության խաղաղության ու բարօրության: Իսկ տոնական միջոցառումների շարքը մեկնարկեց հանդիսավոր երթով դեպի Ազատամարտիկների հրապարակ, որտեղ մարզի ղեկավարությունը` մարզպետ Արմեն Ղուլարյանի գլխավորությամբ, հյուրերը ծաղկեպսակներ դրեցին հայրենիքի ազատության համար նահատակված հերոս հայորդիների հիշատակը հավերժացնող հուշարձանին` լուռ խոնարհումով իրենց հարգանքի տուրքը մատուցելով նրանց: Միջոցառման շարունակությունը զինվորական շքերթն էր Շատրվանների հրապարակում, որից հետո Իջևանի գնդի հետախուզական ջոկատի տղաները հանդես եկան ցուցադրական զինավարժությունների ու հնարքների իրենց գեղեցիկ ու վարպետ կատարումով` հպարտությամբ լցնելով բոլորի սրտերը: Այնուհետև մշակույթի տանը տեղի ունեցավ հանդիսավոր նիստ: Օրվա առթիվ տավուշցիներին շնորհավորեց և ողջույնի խոսք ասաց Ազգային ժողովի նախագահի տեղակալ Սամվել Նիկոյանը: Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը ներկայացրեց անկախության տարիների` մարզի զարգացման անցած ուղիներն ու նաև հեռնկարները: Մարզի կենսագործունեության տարբեր ոլորտներում ունեցած նշանակալի ավանդի համար պարոն Նիկոյանը ՀՀ Նախագահի պարգևներ ու կառավարական շնորհակալագրեր հանձնեց մարզի մի շարք մտավորականների: Տոնական հանդիսությունների շարքը եզրափակվեց Շատրվանների հրապարակում կազմակերպված մեծ համերգով ու շքեղ հրավառությամբ