Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ
22.09.2011
Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձին նվիրված բազմաբնույթ միջոցառումներ էին կազմակերպվել նաև մարզի բոլոր դպրոցներում: Տոնի նախօրեին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը ներկա գտնվեց Իջևանի թիվ 5 հիմնական դպրոցում և Իջևանի ազգային վարժարանում կազմակերպված հանդիսություններին: Թիվ 5 դպրոցի բացօթյա միջոցառմանը մասնակցում էին ոչ միայն դպրոցականներն ու ուսուցիչները, այլև ծնողներ, բազմաթիվ հյուրեր: Տոնի առթիվ բոլորին ողջունեց մարզպետ Արմեն Ղուլարյանը: Դպրոցի տնօրեն Ստեփան Կարապետյանը խոսեց Անկախության խորհրդի ու նշանակության մասին: Ապա գեղարվեստական համարներով հանդես եկան դպրոցի շնորհալի երեխաները:
Իջևանի ազգային վարժարանում կազմակերպված միջոցառումն իր բովանդակությամբ առանձնանում էր մյուսներից: Այստեղ այն ուներ ավելի շուտ ռազմահայրենասիրական ուղղվածություն: Երեխաները ներկայացրին 1918 թվականից մինչև 1991 թվականն ընկած ժամանակահատվածում Հայաստան երկրի պատմությունն ու անցած ուղին: Տոնի առթիվ դպրոցականներին շնորհավորելու էին եկել և ցուցադրական հետաքրքիր զինավարժությամբ հանդես եկան Իջևանի գնդի հետախուզական ջոկատի զինվորները: Միջոցառումը համեմված էր ազգային երաժշտությամբ, երգ ու պարով: