Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՆՎԵՐՆԵՐ`ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻՆ
20.09.2011
Օրերս սովորականից բազմամարդ էր Հայ օգնության միության /ՀՕՄ/ Իջևանի մասնաճյուղի գրասենյակը: Թվում էր, թե Իջևանի բոլոր գեղեցիկ ու սպորտային կեցվածքով տղաները հավաքվել են այդտեղ: Իրականում հրավիրվածները ֆուտբոլիստներ էին, որոնք մասնակցել էին <Նիկարմ> ֆուտբոլային ակումբի կողմից ամռանը կազմակերպված ֆուտբոլի տարածաշրջանային մրցաշարին: Վերջինս արդեն ավարտվել է, պարզվել է մրցաշարի հաղթող թիմը, և մեդալները գտել են իրենց տերերին: Իսկ ՀՕՄ-ի Իջևանի մասնաճյուղը, անտարբեր չմնալով քաղաքի մարզական կյանքին, որոշեց նվերներ մատուցել մրցաշարին մասնակցած թիմերի լավագույն ֆուտբոլիստներին: Եվ ահա օրերս ՀՕՄ-ի Իջևանի գրասենյակում կազմակերպված միջոցառմանը Իջևանի, Գետահովտի, Աղավնավանքի, Սևքարի, Բերքաբերի և մի շարք այլ գյուղերի 15 լավագույն ֆուտբոլիստներ մասնաճյուղի կողմից ստացան սպորտային կոշիկներ: Նվերներ ստացան նաև լավագույն մարզիչը և լավագույն ձևով կազմակերպված թիմ ներկայացրած համայնքի ղեկավարը: Հնչեցին բազմաթիվ շնորհավորական խոսքեր, բարեմաղթանքներ, իսկ նվիրատուները խոստացան այսուհետ ևս ուշադրության կենտրոնում պահել մարզական հաջողություններ ունեցող երիտասարդներին: