Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
14.09.2011
Աշխատանքային այցով Տավուշի մարզում էր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը: Փոխվարչապետի մասնակցությամբ Տավուշի մարզպետարանում հրավիրված խորհրդակցությանը քննարկվեցին ընթացիկ աշխատանքների վիճակին վերաբերող հարցեր: Մասնակցում էին գերատեսչությունների, ծրագրերի ու համայնքների ղեկավարներ, մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուներ: Առաջին հարցով քննարկվեց մարզի համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման գործընթացը: Ութ ամսվա կտրվածքով սեփական եկամուտների կատարողականի մասին զեկուցեց Տավուշի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ռոբերտ Ներսեսյանը: Փոխվարչապետը խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հրավիրեց հավաքագրումների մակարդակի վրա և հորդորեց, որ ավելի հետևողական աշխատանքներ իրականացվեն համայնքային բյուջեների կատարման ուղղությամբ: Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը վստահեցրեց, որ ամեն ինչ կարվի սեփական եկամուտների հավաքագրումը պատշաճ կազմակերպելու համար, միաժամանակ կաշխատեն գերազանցել նախորդ տարվա ցուցանիշը: Քննարկվող օրակարգային հարցերի թվում էր նաև Նոյեմբերյանի հիվավանդանոցի հարցը: <Նոյեմբերյանի բժշկական կենտրոն> փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Աշոտ Գյոզալյանը ներկայացրեց ինչպես ընդհանուր իրավիճակը` կապված կուտակված աշխատավարձերի պարտքերի հետ, այնպես էլ բժշկական կենտրոնի առողջացման ծրագիրը: Փոխվարչապետը հորդորեց ձեռնարկել բոլոր միջոցները հնարավորինս կարճ ժամկետում շտկելու վիճակը: Բժշկական կենտրոնի տնօրենը խոստացավ մինչև տարեվերջ զգալիորեն մարել պարտքից, իսկ եկող տարվա ավարտին զրոյացնել դրանք: Հաջորդը քննարկվեց Հանրապետության Նախագահի մասնակցությամբ օգոստոսի 31-ին հանդիսավորությամբ շահագործման հանձնված Կոթիի ջրագծով ոռոգվող հողերի հետագա նպատակային օգտագործման հարցը: Պարոն Գևորգյանն առաջարկեց նախանշել այն ուղղությունները, որոնք կօգնեն ոռոգման ջուրն առավելագույնս արդյունավետ օգտագործելուն: Նշվեց, որ ջրատարից օգտվող 4 համայնքից երեքը` Կոթին, Ոսկեվանն ու Ոսկեպարը կարող են ջուրն օգտագործել լիարժեք, իսկ Բաղանիսի 65 հա հողերից միայն 15 հեկտարն է մշակվում, որովհետև 50 հեկտարը գտնվում է սահմանին մոտ վտանգավոր գոտում: Անդրադարձ եղավ նաև Ջուջևան և Բարեկամավան համայնքների հողերը ոռոգելի դարձնելու հարցին: <Հազարամյակի մարտահրավերներ-Հայաստան> ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանն իր ելույթում նշեց, որ մարզի վեց համայնքում` Լուսաձորում, Աչաջրում, Կողբում, Արճիսում, Հաղթանակում և Մովսեսում հաջողությամբ ավարտվել են իրենց կողմից իրականացվող երրորդ կարգի ջրանցքների վերականգնման աշխատանքները, իսկ Սևքարում աշխատանքները հապաղել են բնակլիմայական պատճառներով և կավարտվեն առաջիկա օրերին: Քննարկված հարցերի շուրջ արտահայտվեցին խորհրդակցության մասնակիցները, եղան կարծիքներ ու առաջարկություններ: