Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեծահասակների կրթության Իջևանի կենտրոնի նորակառույց շենքի հանդիսավոր բացումը

07.09.2011

Եվրոպական միության <Ոչ պետական սուբյեկտների և տեղական իշխանությունների զարգացման համագործակցության գործիք - Հայաստան> ծրագրով 2009թ. Տավուշի մարզում մեկնարկած Պրոակտիվ պիլոտային նախագծի շրջանակներում, որի նպատակն է աղքատության վերացումը մեծահասակների ակտիվ ուսումնառության միջոցով, տեղի ունեցավ Մեծահասակների կրթության Իջևանի կենտրոնի նորակառույց շենքի հանդիսավոր բացումը: Ծրագիրն իրականացնում է Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտը` Դվվ ինթերնեյշնլը, համագործակցելով <Մեծահասակների կրթություն և ուսումնառություն ողջ կյանքի ընթացքում> ՀԿ-ի և Տավուշի մարզի առևտրաարդյունաբերական պալատի հետ: Ֆինանսավորումն իրականացվում է Եվրոպական միության և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Բացման իր խոսքում Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը անչափ կարևորեց կենտրոնի դերը, որը, առաջինը լինելով Հայաստանում, զարգացնում է մեծահասակների կրթության կայուն ծառայություններ և մեծ խթան է հանդիսանում աղքատության հաղթահարման գործում: Արարողությանը մասնակցում էր և ողջույնի խոսք ասաց ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը: Իր հերթին Դվվ ինթերնեյշնլ կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի ղեկավար, ազգային համակարգող Նազարեթ Նազարեթյանը շնորհակալություն հայտնեց Գերմանիայի տնտեսական համագործակցության նախարարությանը, Տավուշի մարզպետարանին, <Զբաղվածության պետական ծառայություն> գործակալությանը և բոլոր գործընկեր կազմակերպություններին կարևորագույն նախագիծը մարզում կյանքի կոչելու համար: Կենտրոնի նոր շենքի բացումը շնորհավորեց և ծրագրի շուրջ խոսեց նաև Եվրամիության հայաստանյան պատվիրակության առաջին խորհրդական, քաղաքական, տնտեսական, մամուլի և տեղեկատվության բաժնի վարիչ Օննո Սիմոնսը: Մուտքի կարմիր ժապավենը կտրելուց հետո արարողության մասնակիցները շրջեցին եռահարկ շենքում, որտեղ լավագույն պայմաններն ու հնարավորություններն են ստեղծված աշխատանքների կազմակերպման համար: Այնուհետև պարոն Նազարեթյանը բոլորին ծրագրի շնորհանդեսի հրավիրեց 3-րդ հարկի հարմարավետ սրահ և ներկայացրեց կատարած աշխատանքներն ու ծրագրերը: Միջոցառումը եզրափակվեց կենտրոնի նախասրահում հյուրերի համար կազմակերպված գեղեցիկ ֆուրշետով:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10