Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
5-րդ համահայկական խաղերի ոսկե մեդալակիրը
26.08.2011
5-րդ համահայկական խաղերի ոսկե մեդալակիրը
5-րդ համահայկական խաղերում Տավուշի մարզի Իջևան քաղաքը ներկայացնող Վարդիթեր Պողոսյանը ոսկե մեդալ նվաճեց բադմինթոնի մրցումներում: Ճանաչված մարզուհու վերելքի շրջանն սկսվեց 80-ականների սկզբից: 1980թ. դարձավ Սովետական Միության չեմպիոն, արժանացավ ոսկե և արծաթե մեդալների, այնուհետև` Հայաստանի բազմակի չեմպիոն: Իսկ այս ամենի գագաթնակետը 1981թ. Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճելն էր գերմանական Բուբլինգեն քաղաքում: Ֆիզկուլտուրայի ինստիտուտի ուսանող էր, երբ հանդիպեց իջևանցի Արշավիր /Շեկ/ Թադևոսյանին, ում հետ նույն կուրսում էին սովորում: Ամուսնացավ, տեղափոխվեց Իջևան, բայց չթողեց սպորտը: Աղջկա ծնվելուց հետո նորից նվաճեց Հայաստանի չեմպիոնի տիտղոսը: Իսկ երբ ծնվեց երկրորդ երեխան` տղան, արդեն ժամանակը չհերիքեց մեծ սպորտի համար: Վարդիթեր Պողոսյանը ներկայումս աշխատում է Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղում որպես ֆիզկուլտուրայի դասախոս: Աշխատանքին զուգահեռ զբաղվում է սիրած գործով. բադմինթոնի մարզումներ է անցկացնում Իջևանի մարզադպրոցում: Ունի շնորհալի ու հեռանկարային սաներ, ովքեր արդեն կարողացել են հասնել որոշակի հաջողությունների: 4-րդ համահայկական խաղերում իր սանուհի Սեդա Բեգինյանի հետ նվաճել է բրոնզե մեդալ: Իսկ ահա 5-րդ համահայկական խաղերում, դժվարին պայքարում մրցամարտի մեջ մտնելով եղբոր աղջկա` Լիլիթ Պողոսյանի հետ, կարողացավ նվաճել հաղթական ոսկին: Մարզուհին հպարտ է, որ համահայկական խաղերում կարողացավ արժանավայել ներկայացնել իր մարզը, իր քաղաքը: Միակ ցանկությունն է, որ գեղեցիկ մարզաձևը զարգանա տարածաշրջանում և, անկախ սեռից, նրանով զբաղվեն բոլորը: Նա նաև իր շնորհակալությունը հայտնեց Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին ու Իջևանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանին, ում շնորհիվ կարողացավ համահայկական խաղերում պատշաճ ձևով ներկայացնել Տավուշի մարզն ու Իջևան քաղաքը և հաղթանակով վերադառնալ: