Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՄՈՎՍԵՍՈՒՄ ՕԾՎԵՑ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ԵԿԵՂԵՑԻՆ
10.08.2011
ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՄՈՎՍԵՍՈՒՄ ՕԾՎԵՑ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ԵԿԵՂԵՑԻՆ
Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղում տոնական տրամադրություն էր. ամբողջ գյուղը, Հայաստանում ու Հայաստանից դուրս ապրող հարյուրավոր մովսեսցիներ ու հյուրեր մեկտեղվել էին` մասնակցելու գյուղում կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցու բացման հանդիսավոր արարողությանը: Ավելի քան 200 հոգի ժամանել էր միայն Մոսկվայից, շատերը եկել էին ամբողջ ընտանիքով: Միջոցառմանը ներկա էր Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը: Աստծո տան բացումը հավատավոր ժողովրդի համար օրը վերածել էր տոնախմբության: Չէ որ այսուհետ նրանք հնարավորություն կունենան ապրելու լիարժեք հոգևոր կյանքով, Հայ Առաքելական եկեղեցուն հատուկ կարգով նշելու Ծնունդ, Կնունք, Պսակադրություն:
Ճարտարապետական հետաքրքիր լուծումներով նորակառույց եկեղեցու հովանավորը մոսկվայաբնակ բարերար Վազգեն Վանեսյանն է, ով հոգու ամուր թելերով կապված է իր հայրենի բնօրրանին, ուրախանում է նրա ձեռքբերումներով ու մտահոգվում խնդիրներով, աշխատում հնարավորինս աջակցել դրանց լուծմանը: Ճարտարապետ Ալեքսանդր Դանիելյանի նախագծով կառուցված եկեղեցու շինարարական աշխատանքներն իրականացրել է Թովմաս Պապյանը: 11 մետր լայնություն, 15,3 մետր երկարություն և 21 մետր բարձրություն ունեցող հոյակերտ այս շինությունը կենտրոնագմբեթ է, տանիքի հարավ-արևմտյան լանջին տեղադրված է զանգակատունը:
Եկեղեցու բացման արարողությունն սկսվեց Պատարագով և Oծման սբ. կարգով, որը կատարեց Հովակիմ Եպիսկոպոս Մանուկյանը Մայր Աթոռ սբ. Էջմիածնից Տավուշի թեմի առաջնորդական տեղապահ Տ. Թորգոմ վարդապետ Տոնիկյանի մասնակցությամբ: Օծմանը հաջորդեց նորաբաց եկեղեցու սբ. Մկրտության առաջին արարողությունը. մկրտվեց Վանեսյանների ընտանիքը: Կատարվեց նաև մատաղի օրհնության կարգ: Միջոցառման բոլոր մասնակիցների համար կազմակերպվել էր նաև հյուրասիրություն: Օրն ավարտվեց տոնական համերգով` նախ հոգևոր, այնուհետև` հանրապետության հանրաճանաչ երգիչ-երգչուհիների կատարմամբ: