ԱՐԴԻԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ
Շտապ օգնության ծառայության արդիականացման ծրագրով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից Հայաստան ներկրված շտապ օգնության մեքենաներից 4-ը հատկացվեց Տավուշի մարզին: 3 ռեանիմոբիլ և 1 գծային մեքենաները բաշխվեցին համապատասխանաբար Դիլիջանի, Բերդի, Նոյեմբերյանի և Իջևանի բժշկական կենտրոններին: Իջևանի հիվանդանոցը ռեանիմոբիլով ապահովվել է դեռևս մեկ տարի առաջ` հիվանդանոցի վերանորոգման և վերազինման աշխատանքների շրջանակներում, որն այսօր էլ հաջողությամբ ծառայում է: Տեխնիկապես հագեցած ժամանակակից շտապ օգնության մեքենաները կապահովեն ոչ միայն շտապ օգնության բարձրակարգ ծառայություն, այլև դրանցով կկազմակերպվի ծանր հիվանդների տեղափոխումը մայրաքաղաքի բուժհաստատություններ: Նորացվել և նախորդից էականորեն տարբերվում է նաև սպասարկող բուժանձնակազմի արտահագուստը, իսկ վարորդներն ու բուժանձնակազմը նոր սարքավորումներին տիրապետելու և շահագործելու նպատակով անցել են վերապատրաստման 10-օրյա դասընթացներ: Այսքանով չեն սահմանափակվում շտապ օգնության բարեփոխումները: Ավելացվել է 1 կանչի գինը` 4400-ից հասցնելով այն 8000 դրամի, որի արդյունքում ավելացել է նաև բուժանձնակազմի աշխատավարձը: Բոլոր այս բարեփոխումները միտված են կանչերի որակի բարձրացման ու համակարգի հանդեպ բնակչության վստահության ամրապնդման գործին: