Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տարեվերջյան ամփոփիչ փառատոն
16.06.2011
Տարեվերջյան ամփոփիչ փառատոն
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա և ուսումնական տարվա ավարտի առթիվ Տավուշի մարզում հունիսի 15-ին կազմակերպվել էր մարզի երաժշտական դպրոցների սաների ամենամյա փառատոնը: Այն կայացավ Դիլիջանի արվեստի պետական քոլեջում և մասնակցում էին մարզի բոլոր 12 երաժշտական դպրոցների ընդհանուր թվով 50 աշակերտ: Ինչպես տեղեկացրերց կազմակերպիչը` ՀՀ մշակութային կրթության աջակցության հիմնադրամի Տավուշի մարզային ներկայացուցիչ, Դիլիջանի արվեստի պետական քոլեջի տնօրեն Հասմիկ Մկրտումյանը, այս փառատոնն ամփոփումն էր տարվա ընթացքում կայացած բոլոր միջոցառումների: Մինչ այդ Տավուշի մարզի երաժշտական կրթօջախների սաները մասնակցել էին Գյումրիում, Երևանում կայացած տարբեր հանրապետական ու միջազգային մրցույթների, դրանցից վերադառնալով հաղթանակներով:
Փառատոնը բաղկացած էր երկու մասից: Մինչ համերգային փուլը բոլոր տնօրենների մասնակցությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն-քննարկում, որի ընթացքում որոշվեց հաջորդ ուսումնական տարվանից անցկացնել նաև մրցույթներ մարզի երաժշտական դպրոցների լավագույն կատարողների միջև:
Մասնակիցների վկայությամբ փառատոնն անցավ շատ ջերմ ու հետաքրքիր մթնոլորտում: Յուրաքանչյուր հաստատություն նախ փոքրիկ տեքստով ներկայացնում էր իր դպրոցը, նվաճումները, ապա հնչում էին կատարումները:
-Այս ամենը խթանում է երաժշտական դպրոցների զարգացմանը: Եվ հետաքրքիր միտում է նկատվում մարզում: Համայնքները ձգտում են ունենալ իրենց երաժշտական դպրոցները, որովհետև դրանք նպաստում են երեխաների դաստիարակությանն ու գեղագիտական ճաշակի բարձրացմանը: 3 տարի առաջ դպրոց բացվեց Բագրատաշենում, իսկ անցյալ տարի Աչաջուր գյուղում: Կարծում եմ այս շարժումը կշարունակվի,-նշեց Հասմիկ Մկրտումյանը: