Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հերթական խորհրդակցությունն աշխատանքների ընթացքը քննարկելու նպատակով
08.06.2011
Հերթական խորհրդակցությունն աշխատանքների ընթացքը քննարկելու նպատակով
Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը հերթական խորհրդակցությունն էր հրավիրել, որի ընթացքում քննարկվեց ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 3-ի թիվ 108-Ն որոշմամբ Տավուշի մարզպետարանին հատկացված գումարների հաշվին մարզի դպրոցներում, համայնքային կենտրոններում իրականացվող աշխատանքների ընթացքը: Մասնակցում էին համապատասխան դպրոցների տնօրենները, համայնքների ղեկավարները, շինարարություն իրականացնող կազմակերպություններն ու նախագծողները: Վերոհիշյալ որոշմամբ Տավուշի մարզպետարանին հատկացվել է 632 մլն դրամ, որից 297,6 մլն դրամը տրամադրվել է դպրոցաշինության ոլորտին /Դիլիջանի Թախտա թաղամասի տարրական դպրոցի վերակառուցում, Իջևանի թիվ 5 դպրոցի, Գանձաքարի դպրոցի, Աղավնավանքի դպրոցի, Բերդի արհեստագործական դպրոցի, Չորաթանի դպրոցի, Նոյեմբերյանի թիվ 2 դպրոցի, Բերդավանի դպրոցի, Ոսկեվանի դպրոցի, Հաղարծնի դպրոցի վերանորոգում/, իսկ 96 մլն դրամ տրամադրվել է Կիրանցի համայնքային կենտրոնի կառուցման և Նավուրի, Հովքի համայնքային կենտրոնների վերանորոգման համար:
Մարզպետը մեկ առ մեկ հետաքրքրվեց յուրաքանչյուր օբյեկտում ընթացող աշխատանքներով` տեղեկատվությունը լսելով և շինարարներից, և տվյալ կազմակերպության ղեկավարներից: Մարզպետ Արմեն Ղուլարյանը մեկ անգամ ևս ընդգծեց, որ աշխատանքները պետք է ավարտել սահմանված ժամկետներում: Նրանց զգուշացրեց, որ շարունակեն սերտ աշխատել մարզպետարանի քաղաքաշինության վարչության հետ և ընթացքում առաջացող խնդիրներն անպայման համատեղ քննարկեն: Դպրոցների տնօրեններին, համայնքների ղեկավարներին զգուշացրեց, որպեսզի անձամբ հետևեն աշխատանքներին և մտահոգություն լինելու դեպքում անմիջապես տեղեկացնեն:
Խորհրդակցությունում քննարկվեց նաև ՀՄՀ Հայաստան ՊՈԱԿ-ի միջոցով Տավուշի մարզի համայնքներում երրորդ կարգի ջրանցքների վերականգնման ընթացքը: Մասնակցում էին Աչաջրի, Լուսաձորի, Սևքարի, Կողբի, Արճիսի, Հաղթանակի, Մովսեսի ջրանցքների վերականգնման և Իջևան քաղաքի խմելու ջրի ներքին ցանցի վերակառուցման շինարարական աշխատանքներն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները, համայնքների ղեկավարներ: