ԱՅԳԵՀՈՎՏՑԻ ԸՄԲԻՇՆԵՐԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ
Տավուշի մարզկենտրոն Իջևանում անցկացվեց մեր հայրենակից Նվեր Շահնազարյանի հիշատակին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի 4-րդ ավանդական մրցաշարը, որին մասնակցում էին ինչպես Հայաստանի տարբեր մարզերից, այնպես էլ Թբիլիսիից և Բաթումից ժամանած մարզիկներ: Մրցաշարին ակտիվորեն մասնակցեցին և բարձր արդյունքներ ապահովեցին այգեհովտցի ըմբիշները: Նրանցից չորսը գրավեցին մրցանակային տեղեր: Գերծանր քաշայինների պայքարում հավասարը չունեցավ Սամվել Շահնազարյանը` նվաճելով մրցանակային 1-ին տեղը: 29 կգ քաշային կարգում երկրորդ տեղ գրավեց Մակիչ Առուստամյանը: Իսկ 35 և 51 կգ քաշայինների խմբում հանդես եկող Արշակ Թամրազյանն ու Վահե Շախպարյանը բավարարվեցին 3-րդ տեղով: Պատանի ըմբիշների հաջողությունը թերևս արդյունք է սպորտի հանդեպ Այգեհովիտ համայնքի ղեկավար Լևոն Գրիգորյանի դրսևորած մշտական ուշադրության ու հոգատարության: Պարոն Գրիգորյանը, ով մատաղ սերնդի դաստիարակության գործում կարևոր դեր ու տեղ է հատկացնում նրանց ֆիզիկական դաստիարակությանը, խնդրեց մեր միջոցով իր շնորհակալությունը փոխանցել մարզիչ Արսեն Հովակիմյանին նման մարզիկներ պատրաստելու համար: