Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Իտալացիները Հայաստանում են Տավուշի մարզի հետ կապերը ամրապնդելու և զարգացնելու նպատակով

12.05.2011

 Իտալացիները Հայաստանում են Տավուշի մարզի հետ կապերը ամրապնդելու և զարգացնելու նպատակով

  Մայիսի 10-ից 13-ը Հայաստանում է գտնվում Իտալիայի Ֆրիուլի-Վենեցիա-Ջուլիա նահանգի պատվիրակությունը նահանգապետ Ռենցո Տոնդոյի գլխավորությամբ: Պատվիրակությունը  ներկայացուցչական է.  կազմում ընդգրկված են նահանգի տարբեր ոլորտները ներկայացնող  մասնագետներ, գործարարներ: Ֆրիուլի-Վենեցիա-Ջուլիա  նահանգը Իտալիայի հատուկ կարգավիճակ ունեցող այն 5 նահանգներից մեկն է, որով վարչատարածքային միավորին հնարավորություն է տրվում ունենալ ինքնուրույն  արտաքին հարաբերություններ:

 Ինչպես և հետագայում այցի ընթացքում նշեց նաև նահանգապետ Ռենցո Տոնդոն, պատվիրակությունը Հայաստան է ժամանել դեռևս 2009 թվականին` Տավուշի մարզի հետ հաստատած կապերն ամրապնդելու և զարգացնելու նպատակով: Ֆրիուլի նահանգում խիստ զարգացած է փոքր և միջին ձեռնարկատիրությունը / ըստ վիճակագրության յուրաքանչյուր 10 բնակչին բաժին է ընկնում մեկ ձեռնարկություն/, և իտալացի գործարարները հետաքրքրված են նաև Հայաստանի տնտեսության առանձին ոլորտներում ներդրումներ կատարելու հնարավորությամբ: Այցի ընթացքում իտալացիները բազմաթիվ հանդիպումներ ունեցան. նրանց ընդունեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, այցի վերջին օրը` մայիսի 12-ին, պատվիրակությանը կընդունի նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

  Իսկ մայիսի 11-ն ամբողջությամբ պատվիրակության անդամներն անցկացրին Տավուշի մարզում: Տավուշի մարզպետարանում պաշտոնական ընդունելության ժամանակ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը ողջունեց հյուրերին, շնորհակալություն հայտնեց մարզ այցելելու համար և հույս հայտնեց, որ այցը խթան կհանդիսանա երկու մարզերի միջև տնտեսական հարաբերությունների զարգացման համար: Ապա երկու կողմերը ներկայացրին իրենց մարզերը, դրանց առանձնահատկությունները տնտեսության , մշակույթի, առողջապահության և այլ ոլորտնեում: Մարզպետ Արմեն Ղուլարյանը  ներկայացրեց Տավուշի մարզի զարգացման հեռանկարները տուրիզմի, գյուղատնտեսության, մասնավորապես սննդի վերամշակման, անասնապահության ոլորտներում, առողջապահության, ճարտարապետության, քաղաքաշինության ասպարեզներում, յուրաքանչյուր դեպքում ներկայացնելով հնարավոր զարգացման ծրագրերը: Իտալական կողմն իր հերթին ներկայացրեց իր հնարավորությունները, նշելով, որ բացի պատվիրակության անդամներից, Հայաստանից ստացված ամբողջ տեղեկատվությունը նրանք կփոխանցեն տեղի մյուս գործարարներին: Մարզպետ Արմեն Ղուլարյանը առաջարկեց նաև, որ Ֆինեստը/ Ֆրիուլի-Վենեցիա-Ջուլիա նահանգում գործող  պետական ֆինանսական ընկերություն, որի հիմնական  նպատակն է օգնել  Արևելքի երկրներում ներդրումներ կատարող իտալական կազմակերպություններին/ ունենա իր մասնաճյուղը Տավուշի մարզում: Առաջարկն ընդունվեց կազմակերպության ղեկավարի կողմից:

Ապա Տավուշի մարզպետարանում ՀՀ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը և Իտալիայի Ֆրիուլի-վենեցիա-Ջուլիա նահանգի նահանգապետ Ռենցո Տոնդոն երկու մարզերի միջև տնտեսական, մշակութային կապերի հաստատման համաձայնագիր ստորագրեցին: Հանդիսավոր արարողությանը ներկա էին իտալական պատվիրակությունը, Տավուշի մարզի հիմնարկ-ձեռնարկությունների, հասարակական-քաղաքական կազմակերպությունների ղեկավարներ, կրթական հաստատությունների ներկայացուցիչներ, մտավորականներ:

  Տավուշի  մարզում հյուրերի համար  նախատեսված  ծրագիրը շարունակվեց Դիլիջան քաղաքում: Դեռ 2009 թվականից Ֆրիուլիի Ուդինե և Տավուշի Դիլիջան համայնքներն ունեն քույր քաղաքների կարգավիճակ: 2 տարի առաջ է Ուդինեում բացվել  Հայաստանի անվան այգի, որտեղ կանգնեցված է հայ-իտալական բարեկամությունը խորհրդանշող հուշարձան, իսկ մայիսի 11-ին Դիլիջանում տեղի ունեցավ Իտալիայի անվան այգու անվանակոչություն:

  Հյուրերը ծանոթացան նաև Տավուշի մարզի պատմամշակութային արժեքներին` լինելով Հաղարծնի վանքային համալիրում և Դիլիջանի պատկերասրահում:  

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57