Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շախմատի 5-րդ օլիմպիադան` Տավուշի մարզում

06.05.2011

 Շախմատի 5-րդ օլիմպիադան`  Տավուշի մարզում 

  Մայիսի 5-ին Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում մեկնարկեց Հայաստանի դպրոցականների շախմատի 5-րդ օլիմպիադան: Սա օլիմպիադայի եզրափակիչ փուլն է, իսկ մինչ այդ տեղի էր ունեցել ևս երեք փուլ, որոնցում հաղթող ճանաչվածներն արդեն` թվով 18 թիմ, մասնակցում են դիլիջանյան փուլին: Օլիմպիադան իր աշխարհագրությամբ ընդգրկուն է, մասնակիցներ կան բոլոր մարզերից, Երևան քաղաքից և Արցախից: Տավուշի մարզը օլիմպիադայում ներակայացնում է Իջևանի ավագ դպրոցի թիմը, որը հաղթանակներ տանելով հասել է եզրափակիչ փուլ, իսկ Դիլիջանի հավաքական թիմը մասնակցում է տանտիրոջ իրավունքով:

  Բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Դիլիջանի մշակույթի տան դահլիճում: Արարողությանը ներկա էին  ՀՀ ԱԺ պատգամավորներ Միքայել Վարդանյանը, Կարեն Վարդանյանը, մարզի ղեկավարությունը, քաղաքական-հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մտավորականներ:

 Լեփ-լեցուն դահլիճին, ինչպես նաև  ամբողջ մարզին ողջունեց և շախմատային տոնի առթիվ շնորհավորեց  Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը: Նա նշեց, որ այսօր արդեն զարմանալի չեն Հայաստանի շախմատային հաջողությունները, իսկ վաղվա ձեռքբերումներն արդեն պայմանավորված են մերօրյա պատանիներով: Հայաստանի Շախմատի ֆեդերացիան մեծ ջանքեր է ներդնում երկրում շախմատի մասսայականության և զարգացման  համար` ուշադրության կենտրոնում պահելով հատկապես պատանիների  շրջանում իմաստուն խաղի տարածումը: Արդեն իսկ 2011 թվականից հանրապետության բոլոր դպրոցներում ուսումնական պլանով նախատեսված  է շախմատի դասեր անցկացնել:

 Շախմատային տոնի առթիվ ողջույնի խոսք ասաց նաև  Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը` նշելով, որ օլիմպիադային մասնակցում են  հանրապետության դպրոցների լավագույն  թիմերը: Մինչ այս նման օլիմպիադաներ են անցկացվել ԼՂՀ-ում և Սյունիքում:

Առաջնության կազմակերպման հովանավորներն են ՀՀ Շախմատի ֆեդերացիան,  Տավուշի մարզպետարանը, ՀՀ պաշտպանության նախարարությունը,  ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, <<Գրանդ-Սպորտ>> կազմակերպությունը, <<Կիլիկիա>> գարեջրի գործարանը, Դիլիջանի քաղաքապետարանը:

   

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10