Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հարգանքի տուրք
24.04.2011
Հարգանքի տուրք
Տավուշի մարզում օրը սկսվեց ոգեկոչման և հիշատակի արարողություններով: Մարզկենտրոն Իջևանում դեռ տասնամյակներ առաջ կանգնեցված` 1915 թվականի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը առավոտից ծաղիկներով և ծաղկեպսակներով էր պատվել: Այստեղ այցելեցին մարզի ղեկավարությունը, քաղաքական-հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մտավորականներ, ուսանողներ ու դպրոցականներ: Մինչ երեկո մարդկանց հոսքը շարունակվում էր դեպի հուշարձան:
Հիշատակի ու ոգեկոչման օրը Իջևանի բիզնեսի և տուրիզմի կենտրոնում բացվել էր Եղեռնի զոհերի հիշատակի ցուցահանդես, որը Տավուշի մարզկենտրոնին էր նվիրել Վալանս քույր քաղաքը: Ցուցադրված էին փաստագրական նյութեր, լուսանկարներ ցեղասպանությունից մազապուրծ եղած հայկական գերդաստանների վերաբերյալ: Օրվա խորհուրդը շարունակվեց Իջևանի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցում, որտեղ մատուցվեց պատարագ: Իհարկե, նախորդ երեկոյան նույնպես տեղի էր ունեցել Սուրբ զատիկին նախորդող ճրագալույցի պատարագ: Այդ օրը հնչող բոլոր շարականները, քարոզները, վառվող բոլոր մոմերը նվիրված էին և Քրիստոսի հրաշափառ հարության տոնին, և ցեղասպանությանը զոհ գնացած մեր հայրենակիցների սուրբ հիշատակին: