Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՆ ՏԱՎՈՒՇՈՒՄ
11.04.2011
ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՆ ՏԱՎՈՒՇՈՒՄ
Արդեն 3-րդ տարին Հայաստանում լայնորեն նշվող Ֆրանկոֆոնիայի օրերը տարեցտարի ավելի են մեծացնում իրենց ընդգրկման շրջանակներն ու ավելի շատ մասնակիցների ներառում իրենց մեջ: Այս տարին ևս բացառություն չէ: Հանրապետությունում մարտի 17-ից ապրիլի 21-ն անցկացվող Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում կրթական, մշակութային ու գեղարվեստական միջոցառումների շարք է նախատեսված անցկացնել նաև Տավուշի մարզում: Իջևանի տարածաշրջանում, որտեղ ֆրանսերենի ուսուցման դրվածքը դպրոցներում ամուր հիմքեր ունի և այս ուղղությամբ տարիներով ձևավորված ավանդույթներ կան, միշտ էլ սիրով ու խանդավառությամբ են սպասում ֆրանսիական օրերին: Դրա վառ ապացույցն էր Իջևանի թիվ 3 դպրոցում կազմակերպված միջոցառումը, որին, բացի դպրոցի մանկավարժներն ու աշակերտները, ներկա էին նաև ծնողներ, հյուրեր: Միջոցառման կազմակերպիչներն էին դպրոցի ֆրանսերեն լեզվի ուսուցչուհիներ Համեստուհի Համբարյանը և Անահիտ Մկրտումյանը: Փորձառու մանկավարժները ջանացել էին, որպեսզի միջոցառումն անցներ կազմակերպված և ծառայեր իր նպատակին, ու դա նրանց հաջողվել էր: Դահլիճում թևածում էր ֆրանսիական շունչն ու ոգին: Բեմում հայկական ու ֆրանսիական դրոշներն էին, նրանց ներքո` տոնականորեն հագնված ու օրվա խորհուրդով ոգևորված երեխաները, ովքեր հիացրին բոլորին իրենց գեղեցիկ ելույթներով. ֆրանսերենով երգ, ասմունք, պարային բեմադրություններ: Իսկ դպրոցի ընդարձակ դահլիճի մի անկյունում բացված էր ցուցահանդես, որտեղ դպրոցի երեխաները իրենց ստեղծագործությունների միջոցով վերարտադրել էին սեփական պատկերացումները բարեկամ երկրի ու նրա ժողովրդի մասին: Օրվա առթիվ երեխաներին ոջունեց ու շնորհավորեց ՀՀ Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Աշոտ Փաշինյանը: