ԱՐԺԱՆԱՑԵԼ ԵՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ
Ավարտվեց <Հանրակրթության մասին> օրենքի պահանջին համապատասխան հանրապետությունում մեկնարկած հանրակրթական դպրոցների տնօրենների հավաստագրման գործընթացի առաջին փուլը: Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Աշոտ Փաշինյանի հաղորդմամբ Տավուշի մարզից հայտագրված և վերապատրաստում անցած 32 հավակնորդից, որոնցից 17-ը դպրոցների գործող տնօրեններ են, իսկ 15-ը դպրոցների ուսմասվարներ և ուսուցիչներ, հավաստագրմանը մասնակցել են 28-ը: Նրանցից 7-ը չեն հաղթահարել քննական գործընթացը: Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի են արժանացել մնացած 21-ը, ովքեր հաջողությամբ են հանձնել թե գրավոր և թե բանավոր քննությունները: Ներկայումս ևս 59 հավակնորդ է վերապատրաստվում Կրթության ազգային ինստիտուտի մասնաճյուղում: Նրանցից 49-ը գործող տնօրեններ են, 10-ը` կամավորներ: Նշենք նաև, որ անհաջողության մատնված և քննական գործընթացը չհաղթահարած մանկավարժներին թույլատրվում է ևս մեկ անգամ փորձելու իրենց ուժերը: Իսկ հավաստագրման գործընթացը կշարունակվի մինչև 2011թ. օգոստոսի 1-ը, որին մասնակցելու հնարավորություն կունենան բոլոր դպրոցների տնօրենները: