Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Պայմանագիր Տավուշի մարզի և Օ դը Սենի նահանգի միջև
16.03.2011
ՀՀ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը և Ֆրանսիայի Օ դը Սենի նահանգի գլխավոր խորհրդի նախագահ Պատրիկ Դևեջյանը մարտի 4-ին, Ֆրանսիայում, Տավուշի մարզի և Օ դը Սենի նահանգի միջև ապակենտրոնացված համագործակցության պայմանագիր են ստորագրել: Ըստ պայմանագրի, կողմերը ` Օ դը Սենի Դեպարտամենտը և Տավուշի մարզպետարանը, համաձայնության են եկել համագործակցել հանուն Տավուշի մարզի տնտեսական և սոցիալական զարգացման: Տեղեկացնենք, որ 2010 թվականի մայիսին Օ դը Սենի նահանգի պատվիրակությունը գլխավոր խորհրդի նախագահ Պատրիկ Դևեջյանի գլխավորությամբ եղել է Տավուշի մարզում, ծանոթացել մարզի հիմնախնդիրներին: Մայիսի 22-ին Տավուշի մարզպետարանում ստորագրվել է համատեղ նկատառումների հուշագիր, համաձայն որի Օ դը Սենի նահանգի ֆինանսավորմամբ մարզում արդեն իրականացվել են որոշակի գյուղատնտեսական ծրագրեր: Հիշեցնենք նաև, որ Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի և Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի ուղեկցությամբ Օ դը Սենի նահանգի գլխավոր խորհրդի նախագահ Պատրիկ Դևեջյանը գյուղական համայնքներում մասնակցել է իրենց կողմից ֆինանսավորվող ծրագրերի մեկնարկին:
Մարտի 4-ին Ֆրանսիայում ստորագրված պայմանագիրը նպատակ ունի շարունակել Տավուշի մարզի գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը: Ծրագրերը, որոնք լիովին համապատասխանում են ՀՀ կառավարության վարած և երկրի զարգացմանն ուղղված ազգային քաղաքականությանը , բազմաթիվ են և բազմաբովանդակ. ոռոգման համակարգի/ ինքնահոս ջրանցքներ և պոմպակայններ/ բարելավում, ագրոբազաների կառուցում, անասնապահության , տնկարանային տնտեսության զարգացում: